Փետրվարի 14-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ եւ փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Նախաձեռնությունն իր հայտարարությունում արձանագրում է հետեւյալը.
«1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել եւ քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել»,
2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի եւ ի հաշիվ Երեւանի հանրության,
3. «Հին Երեւան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որեւէ շանս չունի եւ այն օգտագործվում է միայն որեւէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը,
4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաեւ չկարողացան բացատրել ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում եւ այն էլ կանաչապատ գոտում,
5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից եւ չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով,
6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ եւ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները եւ առաջնահերթություն է տրվում խանութների տերերին:
Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ
Եթե Երեւանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը եւ այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչեւ այգու վերջնական ազատումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին եւ պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը»:




























