Իրանի Մինաբ քաղաքի տարրական դպրոցի վրա մահացու հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 175 մարդ, հիմնականում երեխաներ, ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունք է, գրում է New York Times-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ ողբերգությունը տեղի է ունեցել թիրախավորման հնացած տվյալների պատճառով, որի արդյունքում ԱՄՆ ռումբերը հարվածել են դպրոցական համալիրին, որը նախկինում մոտակա իրանական ռազմական բազայի մաս էր կազմում։
Սա համարվում է Իրանի դեմ ամերիկաիսրայելական պատերազմի ընթացքում տեղի ունեցած ամենամեծ կոտորածը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է որպես միջազգային իրավունքի լուրջ խախտում։ Զոհերի մեծ մասը 7-ից 12 տարեկան աղջիկներ էին։
Ըստ New York Times-ի՝ հարվածի թիրախի կոորդինատները որոշվել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից՝ հիմնվելով Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA) կողմից տրամադրված տվյալների վրա։ Հաշվետվության մեջ նշվում է, որ սրանք նախնական եզրակացություններ են, որոնք հարցեր են առաջացնում այն մասին, թե ինչու հնացած տվյալները չեն ստուգվել։
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդեց, որ հարձակման համար պատասխանատու է Իրանը։ «Իմ կարծիքով, իմ տեսածի հիման վրա, դա արել է Իրանը... Նրանց զինամթերքը, ինչպես գիտեք, չափազանց անճիշտ է։ Նրանք բացարձակապես ճշգրիտ չեն։ Նրանք են դա արել»,- ասաց Թրամփը։
Նախագահը որևէ ապացույց չի ներկայացրել իր պնդումների համար։ Նրա պնդումը չեն հաստատել ԱՄՆ զինվորականների ներկայացուցիչները, որոնք պարզապես հայտարարել են, որ միջադեպը հետաքննվում է։





























