Իսրայելը մտադիր է զգալիորեն ընդլայնել Լիբանանում իրականացվող ցամաքային գործողությունները՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել Լիտանի գետից հարավ ընկած ողջ տարածաշրջանում և ոչնչացնել «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները։

Ինչպես նշում է պարբերականը, սա կարող է դառնալ 2006 թվականից ի վեր Իսրայելի խոշորագույն ներխուժումը հյուսիսային հարևանի տարածք, ինչի հետևանքով Լիբանանը կհայտնվի Իրանի հետ պատերազմի էսկալացիայի կիզակետում։

«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ արեցինք Գազայում», - նշել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան՝ նկատի ունենալով այն շինությունների քանդումը, որոնք, ըստ իսրայելական կողմի, «Հեզբոլլահն» օգտագործում է զենք պահելու և հարձակումներ իրականացնելու համար։

Նման մասշտաբի գործողությունը կարող է հանգեցնել հարավային Լիբանանի տևական օկուպացիայի։ Լիբանանի կառավարությունը խորը մտահոգություն ունի, որ «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու որոշմամբ հրահրված այս պատերազմը կարող է կործանարար լինել երկրի համար։

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սատարում է «Հեզբոլլահին» զինաթափելու Իսրայելի լայնածավալ գործողությունը։ Այդուհանդերձ, Վաշինգտոնը միևնույն ժամանակ պնդում է, որ Լիբանան պետությանը հասցվող վնասը պետք է լինի սահմանափակ և կողմերի միջև պետք է ընթանան ուղղակի իսրայելա-լիբանանյան բանակցություններ՝ հետպատերազմյան համաձայնագրի շուրջ։

Իսրայելցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ դեռ մի քանի օր առաջ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը փորձում էր զսպել Լիբանանում տիրող լարվածության աճը՝ Իրանի վրա կենտրոնանալու համար։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է չորեքշաբթի օրը, երբ «Հեզբոլլահը», Իրանի հետ համաձայնեցված հուժկու գրոհի շրջանակում, ավելի քան 200 հրթիռ է արձակել, իսկ Թեհրանն իր հերթին տասնյակ սեփական հրթիռներով թիրախավորել է Իսրայելը։

«Մինչ այս հարձակումը մենք պատրաստ էինք Լիբանանում հրադադարի հաստատմանը, բայց դրանից հետո լայնածավալ գործողությունն անխուսափելի է», - նշել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Ինչպես նշում է Axios-ը, Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) զրահատանկային և հետևակային երեք դիվիզիա է տեղակայել Լիբանանի հետ սահմանին, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում ցամաքային որոշ ստորաբաժանումներ արդեն իսկ սահմանափակ ներխուժումներ են իրականացրել։

Ուրբաթ օրը Իսրայելի բանակը հայտարարել է սահմանին լրացուցիչ ուժեր տեղակայելու և պահեստազորի նոր զորահավաքի մասին՝ նախապատրաստվելով ընդլայնված ցամաքային գործողությանը։

«Մեր նպատակն է գրավել տարածքը, «Հեզբոլլահի» ուժերին սահմանից հետ մղել դեպի հյուսիս և ոչնչացնել գյուղերում տեղակայված նրանց ռազմական հենակետերն ու զինապահեստները», - նշել է պաշտոնյան։ Ի պատասխան սրան՝ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Կասեմն ուրբաթ հայտարարել է, որ Լիբանանի կառավարության դիվանագիտական ջանքերը չեն հանգեցրել երկրի ինքնիշխանության վերականգնմանը կամ խաղաղ բնակչության պաշտպանությանը, ուստի «դիմադրությունից բացի այլ լուծում չկա»։

Իսրայելի պաշտպանության բանակը տարհանման հրամաններ է արձակել ողջ Հարավային Լիբանանում և առաջին անգամ նաև Լիտանի գետից հյուսիս գտնվող գյուղերում ու բնակավայրերում, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլլահի» հենակետերում։ Հակամարտության սկզբից ի վեր Լիբանանի շուրջ 800,000 բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը։ Զոհվել է առնվազն 773 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ինչպես հայտնում են ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական աղբյուրները, Թրամփի վարչակազմը Իսրայելին խնդրել է գործողության ընթացքում չռմբակոծել Բեյրութի միջազգային օդանավակայանը կամ Լիբանանի պետական այլ ենթակառուցվածքներ։

Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ Իսրայելը համաձայնել է չթիրախավորել օդանավակայանը, սակայն որևէ այլ պարտավորություն չի ստանձնել պետական այլ ենթակառուցվածքների պաշտպանության հարցում։

Ուրբաթ օրը Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծել է Լիբանանի հարավում գտնվող կամուրջներից մեկը, որն, ըստ իսրայելական կողմի, «Հեզբոլլահն» օգտագործում է ուժերի և սպառազինության տեղափոխման համար։

Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցություններ կանցկացվեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն լիովին սատարում է այս գործողությանը», - Axios-ին հայտնել է պաշտոնյան։ «Իսրայելցիները պետք է անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ «Հեզբոլլահի» կողմից իրականացվող հրետակոծությունները դադարեցնելու համար»։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ, ըստ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների, Նեթանյահուն պատերազմի ընթացքում Լիբանանի հետ կապված հարցերի տնօրինումը հանձնարարել է նախկին նախարար Ռոն Դերմերին։ Վերջինս կապ կհաստատի Թրամփի վարչակազմի հետ և կվարի բոլոր բանակցությունները Լիբանանի կառավարության հետ, եթե առաջիկա շաբաթների ընթացքում ուղղակի քննարկումներ սկսվեն։

Ամերիկյան կողմից այս հարցով զբաղվում է Թրամփի խորհրդական Մասադ Բուլոսը, ով միաժամանակ Աֆրիկայում ԱՄՆ հատուկ բանագնացն է։

Բուլոսը, ով Թիֆանի Թրամփի սկեսրայրն է, վերջին օրերին ակտիվ կապի մեջ է եղել Իսրայելի, Լիբանանի և արաբական երկրների պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով նպաստել Իսրայելի և Լիբանանի միջև ուղղակի բանակցությունների մեկնարկին։

Վերջին օրերին Լիբանանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ և առանց նախապայմանների ուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ հրադադարի պայմանների շուրջ։ Աղբյուրները հայտնում են, որ Թրամփի վարչակազմը մտադիր է օգտագործել այս բանակցությունները՝ ավելի ընդգրկուն գործարքի համար հիմք նախապատրաստելու համար, որը պաշտոնապես վերջ կդնի 1948 թվականից ի վեր Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող պատերազմական վիճակին։