Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ի կազմակերպիչները հայտարարում են, որ այդ մրցույթը քաղաքական բնույթ չի կրում, սակայն այս տարի հնարավոր չի լինի ազատ լրագրողական ուսումնասիրություններ կատարել, քանի որ Ադրբեջանում խոչըդոտում են ազատ մամուլի գոյությանը, իսկ մրցույթն էլ անցկացվում է լրագրողների անվտանգությանը սպառնացող երկրում: Նման հայտարարություն է արել «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Միխայիլ Ռադիցկեն:

«Եվրատեսիլի» ժյուրիի կազմը, կազմակերպիչները, երգիչները եւ մյուսները միասին պետք է հանդես գան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեմ»,-ասել է Ռադիցկեն:

Ընդ որում, այդ իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս ահազանգել է Ադրբեջանում խոսքի, մամուլի, հավաքների ազատության եւ քաղաքացիների այլ իրավունքների սահմանափակման մասին: Նրանք նաեւ կոչ են արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, ովքեր բանտերում են հայտնվել խաղաղ ակցիաներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ցուցակում մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանը 152-րդ տեղում է` գտնվելով Անգոլայի, Կամբոջայի, Իրաքի եւ Աֆղանստանի կողքին: