Եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ սկսել ղարաբաղյան հակամարտության գոտում, այս անգամ կզրկվի ոչ միայն իր տարածքների մի մասից, այլեւ երկրի ինքնիշխանությունից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարեց պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանը:
Ընդ որում, նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանը վստահ լինի Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում իր հաղթանակի վրա, անհապաղ կսկսի ռազմական գործողությունները: «Բայց Բաքուն գիտակցում է, որ իրավիճակի նման զարգացումը չի բխում իր շահերից: Հենց այդ պատճառով էլ Իլհամ Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունները այդ ամենի համատեքստում քաղաքական տրյուկ են, շանտաժ, որոնց միջազգային հանրությունը լուրջ չի վերաբերվում: Բայց մյուս կողմից, պատկերացրեք, թե միջազգային ինչ արձագանք կհետեւեր Սերժ Սարգսյանի շուրթերից նման հայտարարություններին: Պատկերացրեք, ինչ խառնաշփոթ կբարձրանար, եթե Սերժ Սարգսյանը հայտարարեր, թե ազատագրված տարածքները մեզ քիչ են եւ պետք է հասնենք ու նվաճենք Բաքուն»,- հայտնեց պատգամավորը:
Վերջինս նաեւ նշեց, որ Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունները համարժեք պատասխան չեն ստանում ոչ միայն միջազգային հանրությունից, այլեւ Երեւանից: «Տպավորություն է, թե Երեւանը խճճվել է իր գործողություններում եւ չգիտի հետագա քայլերը»,- նկատեց Կարապետյանը:




























