Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երեւանի «Արարատ» սննդի կոմբինատ, մասնավորապես, հյութերի արտադրության գործարան: Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ՀՀ էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի եւ Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորություններին եւ ծրագրերին: 2011 թվականի ապրիլից աշխատող գործարանն արտադրում է բնական հյութերի լայն տեսականի, որոնք իրացվում են ինչպես տեղական, այնպես էլ՝ արտաքին շուկաներ` խթանելով գյուղատնտեսական մթերքի արտահանումը Հայաստանից: Կոմբինատը պայմանագիր է կնքել հանրահայտ TetraPak ընկերության հետ` բնական հյութերի եւ նեկտարների պատրաստման, վերջինների փաթեթավորման հոսքագծեր, ինչպես նաեւ անհրաժեշտ այլ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Հումք ձեռք բերելու նպատակով պայմանագրեր են կնքվել առաձնապես տեղական մրգեր եւ բանջարեղեն վերամշակող ընկերությունների հետ, իսկ ոչ հայկական համերի համար՝ օտարերկրյա հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ:
Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է շուրջ 70 աշխատատեղ:
Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվում` բնական հյութերի եւ նեկտարների պատրաստման եւ դրանց ապակյա տարաներում շշալցման, հայկական խոտաբույսերի եւ հատապտուղների վերամշակման եւ ավանդական համերի, ինչպես նաեւ հայկական համերի թեյերի փաթեթավորման, մրգերի եւ հատապտուղների վերամշակման, դրա միջոցով թարմ քամած բնական հյութերի ստացման, գազավորված եւ չգազավորված ըմպելիքների պատրաստման ու շշալցման, հայկական մրգերից եւ հատապտուղներից չրերի պատրաստման ու փաթեթավորման արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
Վերը նշված աշխատանքներն իրականացնելու համար ընկերությունն արդեն դիմել է ՀՀ կառավարությանը՝ 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչեւ 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու համար:
Արդեն հանրապետություն է ներմուծվել անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը, իսկ մյուս մասի համար ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ եւ կներմուծվեն առաջիկայում: Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերությունը կկատարի ավելի քան 800 միլիոն դրամի ներդրում: Կստեղծվի եվս 5 արտադրամաս: Ընկերության կողմից առաջին փուլում կստեղծվի առնվազն 30, իսկ մոտ ապագայում՝ լրացուցիչ 20 աշխատատեղ:
Ներկայում կազմակերպվում են 2012-ի մթերման աշխատանքները, որոնց ծավալներն էապես կավելացվեն: Այդ աշխատանքներում կներգրավվեն մի քանի հարյուր գյուղական համայքների բնակիչներ: Կմեթերվի նաեւ ծիրան, դեղձ եւ բալ: Առանձնակի ուշադրություն կդարձվի խոտաբույսերի մթերման աշխատանքներին:
Ներդրումային ծրագրի երրորդ փուլում (2012-2013թթ) նախատեսվում է ներմուծել բանջարեղենի, մրգերի եւ հատապտուղների վերամշակման եւս մեկ հոսքագիծ, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա վերամշակել բոլոր տեսակի հայկական մրգերն ու հատապտուղները: Վերջինս հնարավորություն կնձեռնի վերամշակելու գյուղատնտեսական մթերքների ամբողջ սպեկտորը: Նախնական հաշվարկներով հերթական ներդրման ծավալը կկազմի 1.6-1.8 մլն եվրո:
Վերը նշված ներդրումները հնարավորություն կնձեռնեն առաջիկա տարիների ընթացքում ստեղծել 300-ից ավելի մշտական աշխատատեղեր:
2012-ի հունվարի դրությամբ ընկերությունն արտադրել է 2.39 մլն լիտր արտադրանք, որից արտահանվել է մոտ 480 հազ. լ: Նախատեսվում է, որ ընթացիկ տարում արտադրանքի ծավալն առնվազն կրկնապատկվի:
2011-ին ընկերությունը 100-ից ավելի ֆերմերներից եւ գյուղացիներից իրականացրել է 180 մլն դրամի` շուրջ 800 տոննա մրգի եւ հատապտղի մթերում, այդ թվում` մասուր, խնձոր, նուռ, մոշ, հոն, ընկույզ եւ այլն:
«Արարատ» սննդի կոմբինատի ղեկավարության` այս ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստել է 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչեւ 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու հնարավորությունը:




























