Արտակարգ իրավիճակների նախարարությունը շփոթել է եւ իր տարածած հաղորդագրության մեջ գրել, որ Պուշկինի-49 հասցեում գտնվող «Նեքսուս» ինտերնետ ակումբի դուռը փակվել է, ներսում մարդ է մնացել, ով չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել հարեւան «Ֆեյսբուք քլաբում»:
ԱԻՆ-ի կայքում սխալը շտկվել է եւ նշվել, որ Երեւանում, փետրվարի 16-ին` ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Պուշկինի 49 հասցեում գտնվող «Նեքսուս» ինտերնետ ակումբի դուռը փակվել է, ներսում մարդ է մնացել, ով չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Պարզվել է, որ փակվել է ոչ թե «Նեքսուս» ինտերնետ-ակումբի, այլ հարեւան` «Ֆեյսբուք քլաբի» դուռը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել ճանապարհից:
Տեղի ուժերով բացվել է դուռը: Ներսում հայտնաբերվել է 21-ամյա Գեւորգ Խաչատրյանը, ով ալկոհոլային թունավորման նախանշաններով, տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Մինչ ԱԻՆ-ը կճշտեր իր հաղորդագրությունը, տվյալ ինտերնետ-ակումբի ներկայացուցիչ Զավեն Գրիգորյանը զանգահարել է NEWS.am-ի խմբագրություն եւ հայտնել, որ իրենց ակումբն աշխատում է օրական 24 ժամ, իսկ այդ պահին ինտերնետ-ակումբում եղել են բազմաթիվ մարդիկ, հետեւաբար հնարավոր չէր, որ դուռը փակված լիներ: «Մեր ակումբն աշխատում է օրական 24 ժամ եւ փակվել է միայն Ամանորին, իսկ դա նշանակում է, որ նման բան չէր կարող տեղի ունենալ»,-ասաց նա հերքելով նաեւ հարբած մարդու առկայությունն իրենց ակումբում:




























