Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումները կարեւոր են, սակայն նրանց միջեւ ցանկացած համաձայնություն իզուր է լինելու, քանի դեռ չկա Ղարաբաղի ժողովրդի համաձայնությունը: Մենք մեր կարծիքը մեկ անգամ չէ, որ արտահայտել ենք:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի ԼՂ վերաբերմունքը բանակցային գործընթացի արագացմանը եւ արդյո՞ք ժամանակը չէ, որ ԼՂ-ն ակտիվանա եւ փորձի մասնակից դառնալ բանակցություններին:

Իմ կարծիքով, ոչ միայն ժամանակն է, այլ նույնիսկ այդ ժամանակն անցել է եւ Ղարաբաղը շատ արագ պետք է միանա բանակցային գործընթացին: Պետք է Հայաստանն առաջարկի դա եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարի: Ղարաբաղը միշտ էլ այդ հարցը դրել եւ դնում է՝ ասելով, որ մինչեւ իմ համաձայնությունը չլինի, ապա ցանկացած պայմանավորվածություն զրո է: Ղարաբաղը շատ մեծ հնարավորություններ չունի իր մասնակցությունը պնդելու հարցում, հետեւաբար, իմ կարծիքով, հիմնական աշխատանքը պետք է կատարի Հայաստանը:

Բայց եթե Հայաստանը այդ քայլը չի անում: Արդյո՞ք Ղարաբաղը որեւէ կերպ չի կարող ազդել Հայաստանի վրա:

Խնդիրն այն է, որ մենք բարձրաձայն հայտարարում ենք դրա մասին, եւ նաեւ ուշացել է Ղարաբաղի մասնակցության հարցը: Գուցե միջնորդներն ու բանակցող կողմերը չե՞ն ուզում հարցը լուծել, դրա համար քայլեր չեն անում, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, ես չգիտեմ:

Այդ դեպքում, արդյո՞ք ԼՂ իշխանությունները,պետք է շարունակեն հայտարարել, որ անվերապահորեն վստահում են ՀՀ իշխանություններին, երբ վերջիններս արդեն երկար ժամանակ է բանակցում են ԼՂ կողմից անընդունելի մադրիդյան սկզբունքների շուրջ:

ԼՂ իշխանությունները այդպիսի հայտարարություն չեն արել: Դա ասել է ԼՂՀ վարչապետը, բայց ոչ թե որպես ԼՂՀ վարչապետ, այլ որպես «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ: Խնդիրն այլ է. Եթե մենք ուզում ենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, բնական է, որ այդպես պետք է հայտարարենք:

Այսինքն, իրականում ԼՂՀ իշխանությունները չե՞ն վստահում ՀՀ իշխանություններին բանակցային գործընթացում:

Ես ԼՂՀ իշխանությունը չեմ, բայց մենք միշտ էլ ասել ենք, որ Հայաստանի հետ պետք է ունենալ նորմալ հարաբերություններ, սակայն վերջին խոսքը պետք է լինի Ղարաբաղինը: Այս մոտեցումը շատ պարզ է եւ ճիշտ: Մենք նաեւ ասել ենք, որ չի կարելի Հայաստանին դուրս մղել բանակցային գործընթացից եւ դրանց մասնակցի միայն Ղարաբաղը: Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին անվերապահորեն, իսկ ՀՀ իշխանությունները պետք է մասնակցեն որպես Ղարաբաղի անկախության ու անվտանգության երաշխավոր:

Փաստն այն է, որ Ղարաբաղը հայտնվել է բանակցային գործընթացի լուսանցքում: Արդյոք դա շատ թանկ չի՞ նստելու հայկական կողմերի վրա:

Համենայն դեպս մենք փորձում ենք որ դա չլինի:

ԼՂՀ վարչապետը հայտարարել է նաեւ, որ իրենք չեն ստացել մադրիդյան սկզբունքները եւ այդ մասին կխոսեն, երբ պաշտոնապես ստանան: Արդյո՞ք դա ինքնախաբեություն չէ, քանի որ արդեն երկար ժամանակ է սեղանին դրված են այդ սկզբունքները, իսկ ԼՂՀ իշխանությունը չգիտի դրանց մասին եւ կարծես, չի էլ ուզում իմանալ:

Դուք դա կարող եք վարչապետից հարցնել, քանի որ դա նրա հայտարարությունն է: Բայց դրա մեջ ուրիշ միտք կա: Եթե նա ասում է, որ մենք չենք ստացել այդ սկզբունքները, դա նշանակում է, որ դրանք պետք է պաշտոնապես ուղարկվեն Ղարաբաղին: Իսկ եթե պաշտոնապես ներկայացնեն, դա կնշանակի, որ մենք պաշտոնապես մասնակցում ենք բանակցային գործընթացին:

Բայց կարող են ընդհանրապես չուղարկել, քանի որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին:

Այդ դեպքում չեն կարող ընդհանրապես որեւէ հարց լուծել այնպես, ինչպես իրենք են ուզում:

Մյունխենյան հանդիպումից հետո արեւմտյան մամուլը գրեց, որ այնտեղ անգամ շրջանակային համաձայնագիր է քննարկվել: Հնարավոր համարո՞ւմ եք, որ մոտ ապագայում նման համաձայնագիր ստորագրվի, ընդ որում՝ առանց ԼՂ-ի:

Իմ համոզմամբ, մինչեւ որեւէ համաձայնագրի ստորագրումը այն պետք է ներկայացվի Ղարաբաղին: Ես հավատում եմ, որ հենց այդպես էլ կլինի, բայց եթե առանց Ղարաբաղի նման քայլ կատարեն, ապա պետք է գիտակցեն, որ պայթյունավտանգ իրավիճակ կարող է ստեղծվել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, թե Աղդամի մոտակայքում հայկական ուժերը զորավարժություններ են իրականացնում: Դուք նման տեղեկություն ունե՞ք:

Ես նման տեղեկություն չունեմ, բայց եթե անգամ դա ճիշտ է, այդտեղ որեւէ խնդիր չկա։ Մենք մեր տարածքում զորավարժություններ են անցկացնում եւ դա առաջին անգամը չէ: