ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ առաջարկում է հանրային քննարկում հրավիրել Մաշտոցի պուրակում կառուցապատման խնդրի վերաբերյալ:
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Երեւանի Գլխավոր Պողոտայում, Մաշտոց պողոտայի հարեւանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաեւ բնապահպանական եւ հասարակական մի շարք կազմակերպությունների բողոքի ալիք են բարձրացրել:
Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երեւանի Գլխավոր հատակագծով հաստատված եւ ամրագրված կանաչ, հանրային տարածքում, հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես նաեւ ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երեւանցիների եւ մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական եւ մշակութային խնդիրները, առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաեւ լսելու շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունների տեսակետը»:




























