ԱՄՆ Թենեսի նահանգում անսովոր միջադեպ է տեղի ունեցել. Mercedes‑Benz of Collierville ավտոսրահի սպասարկման տեխնիկը, ըստ մեղադրանքի, առանց թույլտվության վերցրել է հաճախորդի մեքենան և դրանով բարում հանդիպել ընկերուհուն. գրում է Jalopnik պարբերականը։
Ըստ մեքենայի սեփականատեր Քիմբերլի Փորթերի, նա հեռախոսին ծանուցում է ստացել, որ իր Mercedes‑Benz C300-ը շարժման մեջ է, թեև մեքենան դեռ պետք է վերանորոգման մեջ լիներ։ Փորթերը հեռախոսի համակարգով հետևել է մեքենայի տեղաշարժին և շուտով այն գտել է մի բարի մոտ կայանված, որտեղ գտնվել է տեխնիկը։ Հասկանալով, որ մեքենան օգտագործվում է ոչ նպատակային՝ նա դիմել է ոստիկանություն և հայտարարել մեքենայի հափշտակության մասին։
Դեպքի վայր ժամանած իրավապահները մեքենայում գտել են այդ ավտոսպասարկման կետի տեխնիկ Դերիկ Նգուենի անձը հաստատող փաստաթուղթը։ Նգուենի պնդումը, թե մեքենան օգտագործելու թույլտվություն է ունեցել, հերքել է սպասարկման կենտրոնի մենեջերը, ինչի պատճառով տեխնիկին ձերբակալել են։
Իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ դիլերային կենտրոնի ներկայացուցիչները Փորթերին խնդրել են հետ վերցնել տեխնիկի դեմ բողոքը, ապա սոցիալական ցանցերում առաջարկ են հրապարակել սրահի առաջին այցելուների համար՝ ստանալ անվճար տեխսպասարկում կամ 2000 դոլար զեղչ՝ միջադեպի մասին գրառումը ներկայացնելու դեպքում։ Այդ գրառումը հետագայում հեռացվել է, սակայն Փորթերի փաստաբանն այն որակել է որպես միջադեպից առևտրային օգուտ քաղելու փորձ։
Էլ ավելի տարօրինակ է եղել դիլերի պահանջը. այն բանից հետո, երբ հաճախորդը հայտնաբերել էր իր մեքենայի ոչ պատշաճ օգտագործումը, հաջորդ օրը նրանից պահանջել են մինչև ժամը 18:00-ն վերադարձնել ավտոսրահի տրամադրած փոխարինող մեքենան, հակառակ դեպքում այն կհայտարարվի գողացված։ Շատերն այս վարքագիծը գնահատել են որպես ծայրահեղ տարօրինակ և ոչ պրոֆեսիոնալ։