Ավելի քան 50 հոգի, այդ թվում եւ ուխտագնացներ, զոհ են գնացել Սաուդյան Արաբիայի ջրհեղեղներին եւ սողանքներին: Հաջի առաջին օրը հազարավոր մահմեդականներ, որոնց մեծ մասն օտարերկրացիներ են, փակված են մնացել Ջիդդա քաղաքում:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, տարերքի իշխանության մեջ են հայտնվել մահմեդականների համար սրբազան Մեքքան ու նրա արվարձանները: Ջրի տակ են հայտնվել տների առաջին հարկերն ու ավտոմայրուղիները, նաեւ Մինայի հովտում ուխտագնացների վրանային քաղաքը, որտեղ մի քանի օր չեն դադարում հորդառատ անձրեւները: Մեքքայի ճանապարհին ջրի ալիքները կործանել են երկու կամուրջ: Reuters-ի տվյալներով, որոշ շրջաններում շարքից դուրս են եկել էլեկտրաենթակայանները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լուսնային օրացույցով հիջրայի 9-րդ օրը, 2,5 մլն ուխտագնացներ կհավաքվեն Մեքքայից 25 կմ հեռու գտնվող Արաֆաթ լեռան մոտ՝ հաջի գլխավոր արարողությունը՝ «վուկուֆը» կատարելու համար, որ տեւում է առավոտից երեկո:

Սաուդյանը օդերեւութաբանական ծառայությունների կանխատեսումներով՝ եղանակն առաջիկա օրերին չի փոխվի: