Եվրամիության դիրեկտիվը, որը սահմանափակում է երրորդ երկրների բանկերի մուտքը ԵՄ ներքին շուկա, կարող է բացասաբար անդրադառնալ վարկատուների վրա և բարդացնել հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Բանկերի կապիտալի պահանջների մասին դիրեկտիվը (CRD VI) հաստատվել է 2024 թվականին և ուժի մեջ է մտնելու 2027-ին։ Այն պարտավորեցնում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների բանկերին կա՛մ լիարժեք ներկայացուցչություն հիմնել Միության տարածքում, կա՛մ յուրաքանչյուր առանձին դեպքում ապացուցել հաճախորդների հետ աշխատելու իրավունքը։ Սահմանափակումների տակ են հայտնվում վարկավորումը և իրացվելիության կառավարումը։

Շուկայի մասնակիցների գնահատականներով՝ սա կարող է հանգեցնել Բրիտանիայից դեպի ԵՄ ակտիվների տեղափոխմանը և աշխատակիցների վերաբնակեցմանը: Փորձագետները նախազգուշացնում են, որ նոր միջոցառումները կարող են խարխլել ֆինանսական համագործակցությունը և բարդացնել վարչապետ Քիր Սթարմերի ջանքերը՝ ուղղված Եվրամիության հետ մերձեցմանը: Բրիտանական իշխանությունները՝ ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսի գլխավորությամբ, հետևում են իրավիճակին: