Փարիզը չի սատարում Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակմանը և միջազգային ջրերում նման գործողությունները համարում է անօրինական։ Այս մասին RFI-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Միջազգային ջրերում իրականացվող նավագնացությունը համամարդկային արժեք է։ Հետևաբար, անհրաժեշտ է օր առաջ վերացնել այս շրջափակումը», — նշել է նախարարը՝ հավելելով, որ փաստացի երկու կողմն էլ՝ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը, կիրառում են ճնշման նույն գործիքը՝ հերթով փակելով նեղուցը։

Բարոն զգուշացրել է, որ տևական շրջափակումը լուրջ հարված կհասցնի համաշխարհային տնտեսությանն ու քաղաքացիների գնողունակությանը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ այս հակամարտությունը պատանդ դարձնի համաշխարհային տնտեսությունը», — ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիան ու Միացյալ Թագավորությունը մտադիր են առաջիկա օրերին խորհրդաժողով հրավիրել՝ նեղուցով անցնող առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու և դրանց ուղեկցումը կազմակերպելու հարցով։ Բարոն նշել է, որ բազմաթիվ երկրներ պատրաստ են միանալ նախաձեռնությանը, եթե առաքելությունը լինի զուտ պաշտպանական ու գործողությունները համաձայնեցվեն Իրանի և Օմանի հետ։