Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի կրթական հաստատությունների վրա իրականացվող պարբերական հարձակումները թշնամու նպատակաուղղված ռազմավարության մասն են՝ ուղղված ազգի գիտական և տեխնոլոգիական ներուժի թուլացմանը։ Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, այս մասին նախագահն ասել է Կրթության նախարարություն կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Նախարարի և գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում Փեզեշքիանը բարձր է գնահատել մանկավարժների արիությունը, ովքեր շարունակել են կրթական գործընթացը վերջին 40 օրվա ռազմական դիմակայության բարդագույն պայմաններում։
«Երկրում ցանկացած վերափոխում անկայուն կլինի առանց կրթական համակարգի նկատմամբ լուրջ ուշադրության։ Ուսուցումը պետության կայուն զարգացման հիմքն է»,- ընդգծել է Իրանի նախագահը։
Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրի հանդեպ թշնամանքը թելադրված է բոլոր ոլորտներում Իրանի թռիչքաձև զարգացման վախով։ Փեզեշքիանի կարծիքով՝ քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածները հստակ ենթատեքստ ունեն.
«Մեր թշնամիները չեն կարողանում հաշտվել Իրանի հզորության ու կարողությունների աճի հետ։ Նրանց գլխավոր խնդիրը մեր գիտելիքն ու գիտությունն է»,- հայտարարել է նա։
Նախագահի խոսքով՝ թիրախավորելով դպրոցներն ու համալսարանները՝ ագրեսորը փորձում է երկրին զրկել բարձր զարգացած տերություն դառնալու հնարավորությունից։
Նախագահը կոչ է արել կրթության ոլորտի ներկայացուցիչներին ուղղորդել սովորողներին դեպի ստեղծարար աշխատանք՝ շեշտելով, որ հենց դա է արտաքին ճնշումներին դիմակայելու և հզոր Իրան կառուցելու ճանապարհը։





























