Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին հայտարարել է, որ «պատժամիջոցների և շրջափակումներին առնչվող ցանկացած դավադրություն և պատրանք արդյունքի չի հասնի», հաղորդում է ILNA-ն։
Նա ընդգծել է, որ սահմանամերձ շրջանների նահանգապետերը պետք է օգտագործեն իրենց տրված հատուկ լիազորությունները՝ ծովային շրջափակման սպառնալիքը չեզոքացնելու և այդ ուղղությամբ թշնամու ծրագրերը խափանելու համար։
Մոմենին, դիմելով սահմանամերձ շրջանների նահանգապետերին և շնորհակալություն հայտնելով այսպես կոչված «երրորդ պարտադրված պատերազմի» ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար, ընդգծել է, որ իրենց հատուկ լիազորություններն օգտագործելով՝ նրանք կարողացել են ամրապնդել սահմանային առևտուրը և նպաստել երկրի անհրաժեշտ ապրանքների մատակարարմանը։
Նա շեշտել է, որ ավելի քան ութ հազար կիլոմետր ցամաքային և ծովային սահմաններ ունեցող Իրանի համար պատժամիջոցների և շրջափակումների ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։
Նախարարը հրաման է տվել սահմանային 16 նահանգների նահանգապետերին՝ հանձնարարելով նրանց առավելագույնի հասցնել իրենց պատվիրակված լիազորությունները և, համաձայնեցնելով էկոնոմիկայի և ֆինանսների, գյուղատնտեսական ջիհադի, ճանապարհների և քաղաքաշինության, արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունների, ինչպես նաև սահմանային առևտրով զբաղվող այլ համապատասխան գերատեսչությունների հետ, միջոցներ ձեռնարկել ծովային շրջափակման սպառնալիքը չեզոքացնելու համար։
Մասնավորապես, նա ընդգծել է անհրաժեշտ ապրանքների ներմուծումը հեշտացնելու անհրաժեշտությունը՝ այդ ոլորտում թշնամու ծրագրերի իրականացումը թույլ չտալու համար։
Փաստաթղթում ընդգծվում է նաև երկրի մնացած նահանգապետերի և սահմանային շրջանների ղեկավարների միջև շարունակական սերտ համագործակցության կարևորությունը՝ որպես մատակարարման և բաշխման շղթայի լրացուցիչ տարր։ Ներքին գործերի նախարարության տնտեսական հարցերով և տարածաշրջանային զարգացման գծով տեղակալը նշանակվել է այդ միջոցառումների իրականացմանը հսկողություն իրականացնելու համար։
Ըստ հրամանագրի՝ սահմանային նահանգների նահանգապետերը պետք է մոբիլիզացնեն բոլոր հասանելի ազգային և տարածաշրջանային ռեսուրսները՝ բնակչության կենսամակարդակի համար թշնամու սպառնալիքները չեզոքացնելու և, համագործակցելով հասարակական կազմակերպությունների, ներառյալ՝ սահմանային բնակիչների կոոպերատիվների հետ, ակտիվացնել և ընդլայնել սահմանային առևտուրը։
Դա վերաբերում է թե՛ անհրաժեշտ ապրանքների ներմուծմանը, թե՛ արտադրական ապրանքների արտահանմանը, որոնք պետք է ավելի ամրապնդվեն և զարգանան։




























