ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում էին մի քանի օրում կործանել հազարամյա իրանական քաղաքակրթությունը, սակայն հակառակորդին թերագնահատելու ճակատագրական սխալ թույլ տվեցին։ TASS-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ (1959-1969), գեներալ Շառլ դը Գոլի թոռը՝ «Հանուն ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության» հիմնադրամի նախագահ Պիեռ դը Գոլը։
«Նրանք կարծում էին, թե կկարողանան մի քանի օրում տապալել երկիրը, ինքնիշխան կառավարությունը և հազարամյա քաղաքակրթությունը, սակայն թերագնահատեցին իրավիճակը և վերլուծական լուրջ սխալ ցուցադրեցին։ Իրանը տիրապետում է անհրաժեշտ ռեսուրսներին և տասնամյակներ շարունակ պատրաստվում էր նման հակամարտության»,- ասել է նա «Իրադարձությունների կառավարման արհեստանոց» համաժողովի շրջանակում։
Դը Գոլի խոսքով՝ Իրանը կդիմանա ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հակամարտությունում, սակայն իրավիճակի վատթարագույն հանգուցալուծումը կարող է լինել հապշտապ ձեռք բերված «վատ խաղաղությունը», քանի որ այդ դեպքում խնդիրները նորից ի հայտ կգան։
Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրին երկու կողմերը, մի շարք հակասությունների պատճառով նրանց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության հեռանկարներն անորոշ են։





























