NEWS.am–ի տեղեկություններով, այս պահին իշխանությունում դեռ հստակ դիրքորոշում չկա՝ արդյոք ընդառաջ կգնան ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ–ում 2020 թվականի 44–օրյա պատերազմի վերաբերյալ փակ քննարկում կազմակերպելու առաջարկին։

Երեկ Օնիկ Գասպարյան հայտարարել էր. «Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»: Նա առաջարկում է քննարկմանը ներգրավել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց։

Իշխանությունում շատերը տարակուսած են՝ ինչ լրացուցիչ տեղեկություններ պետք է հայտնի փակ քննարկմանը Գասպարյանը, որը չի ասել 2023 թվականի մարտի 16–ին, երբ մասնակցել է 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Ավելին, փակ քննարկմանը կարող են մասնակցել միայն պետական գաղտնիքի թույլտվություն ունեցող անձինք, այսինքն գրեթե նույն կազմը, որը եղել է քննիչ հանձնաժողովում։ Ուրեմն ինչու 2020 թվականից հետո, երբ Արցախի հայաթափվեց, ապա բռնակցվեց Ադրբեջանին, Հայաստանից տարածքները օկուպացվեցին, Օնիկ Գասպարյանը գերադասեց լռել ու հրապարակային ոչ մի խոսք չասել, իսկ հիմա ընտրություններից ընդամնեը 2 ամիս առաջ ուզում է փակ ֆորմատով խոսել։

Փորձագիտական շրջանակում Գասպարյանի խոսելու մտադրությունը պայմանավորում են նաև լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրելյանով նախօրեի գրառմամբ։ «44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։ Ես նրա հետ հանդիպել եմ դեմ առ դեմ նրա հյուրանոցային համարում։ Վկաները նրա օգնականներն ու անվտանգության աշխատակիցներն էին։ Յուրաքանչյուր հանդիպում տևել է մոտ մեկ ժամ։ Ինչ տեսա և լսեցի։ Իմ առջև նստած էր մի լիովին ջախջախված և վախկոտ մարդ։ Ամենասարսափելին այն էր, որ նա վախենում էր ոչ թե իր թշնամիներից, այլ Փաշինյանից։ Իմ զրույցների ամբողջ լեյտմոտիվը հետևյալն էր.

Ինչո՞ւ հայկական բանակը չի մասնակցում։

Որտե՞ղ են «Իսկանդերները»։

Որտե՞ղ է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։

Բոլոր հարցերի համար միայն մեկ պատասխան կար. «Փաշինյանը դա թույլ չի տա՝ հրաժարականի և ձերբակալության սպառնալիքով»։ Ես խստորեն պահանջեցի, որ Օնիկը հրապարակավ դիմի գեներալ Գերասիմովին և անձամբ Պուտինին։ Գասպարյանը իրեն ստիպեց ասել. «Փաշինյանն արգելել է ռուսներին դիմել և անձամբ է բանակցում Ալիևի հետ»։ Երբ ես նրան ասացի, որ մեր լրագրող Սեմյոն Պեգովը, ով գտնվում է թեժ կետում, ինձ տեղեկացրել է, որ դուք հրամայել եք զորքերը դուրս բերել Քարինտակից, Օնիկը մրմնջաց. «Ես չէ, այլ Փաշինյանը. նա հրամայեց Շուշին հանձնել ադրբեջանցիներին՝ այն պատրվակով, թե զորքերը փախել են»։ Ամեն ինչ եղել է ճիշտ այսպես։ Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ», – գրել էր Գաբրելյանովը։

Այս հայտարարությունից 2 օր առաջ էլ ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր պատերազմի հանգամանքներին անդրադարձել՝ պարտության պատասխանատվությունը դնելով Նիկոլ Փաշինյանի ուսերին։ «Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու անհրաժեշտություն կար։ Բայց ոչ մեկը լայաղ չարեց գնալ, մոբ-ռեսուրսի հետ աշխատել։ Թողին-փախան։ Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանական գոտի է ունեցել, 265 կմ-ը մինչև հոկտեմբերի 27-ը՝ մեկ ամիս, պահել են։ Ա՞յդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել։ Պատասխանատվությունը ձեզ վրա է, պարոն Փաշինյան,  որովհետև եթե Պաշտպանության բանակն է որոշում ընդունում, հաստատում է Գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե Հայաստանի և Արցախի մի քանի զորամիավորումներ, ապա Գլխավոր շտաբի պետն է  որոշումներ ընդունում, և հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել-հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան Մեղրի»,-հայտարարել էր Օհանյանը։