2026 թվականի մայիսի 4-5-ը Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, որի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության խորացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային առանցքային մարտահրավերներին առնչվող հարցեր:
Գագաթնաժողովում Եվրոպական միությունը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ակնկալվում է, որ այս հանդիպումը կարևոր կետ կդառնա ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում: Գագաթնաժողովը նպատակաուղղված է երկկողմ փոխգործակցության խորացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կապուղիների ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը:
Բանակցությունների ընթացքում առաջնորդները կքննարկեն փոխգործակցության ընդլայնումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, թվային տեխնոլոգիաները և ենթակառուցվածքային կապուղիները։ Հատուկ ուշադրություն կդարձվի ընթացիկ գլոբալ մարտահրավերներին, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի հետևանքներին։
Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված կլինեն ԵՄ-Հայաստան գործընկերության հետագա զարգացմանը։
Կողմերի միջև հարաբերությունները հիմնված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, որը գործում է 2021 թվականից։ Փաստաթուղթը նախատեսում է բարեփոխումների իրականացում Հայաստանում, այդ թվում՝ պայքար կոռուպցիայի դեմ, դատաիրավական համակարգի բարեփոխում, թափանցիկության բարձրացում և քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ապահովում։
2025 թվականի դեկտեմբերին ընդունվել է ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը, որը նախատեսում է համագործակցության ավելի հավակնոտ նպատակներ, հատկապես տնտեսական զարգացման, անվտանգության և դիմակայունության ոլորտներում:
Առանցքային թեմաներից մեկը կլինի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Առաջնորդները կքննարկեն խաղաղության և կայունության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ավելի վաղ ԵՄ-ն ողջունել էր խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կողմերի միջև քաղաքական հռչակագրի ստորագրումը՝ որպես կարևոր քայլ հակամարտության երկարաժամկետ կարգավորման ճանապարհին:
Եվրոպական միությունը մնում է Հայաստանի խոշորագույն դոնորը: 2024–2027 թվականների դիմակայունության և աճի պլանի շրջանակներում նախատեսված է 270 մլն եվրոյի ֆինանսավորում՝ ուղղված բարեփոխումների աջակցությանը և տնտեսության զարգացմանը: Բացի այդ, Global Gateway նախաձեռնության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում կարող են հասնել 2,5 մլրդ եվրոյի:
Անվտանգության ոլորտում ԵՄ-ն ուժեղացնում է Հայաստանում իր ներկայությունը։ 2026 թվականի ապրիլին որոշում է կայացվել ստեղծել ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն (EUPM Armenia), որի նպատակն է բարձրացնել երկրի դիմակայունությունը և ժամանակակից սպառնալիքներին, այդ թվում՝ կիբերհարձակումներին ու արտաքին միջամտությանը դիմակայելու կարողությունը։ Ավելի վաղ՝ 2023 թվականին, գործարկվել էր ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMA), որն աշխատում է սահմանամերձ շրջաններում։
Բացի այդ, 2024 թվականից սկսած, ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 30 մլն եվրո է հատկացրել՝ Հայաստանի զինված ուժերին աջակցելու և գնաժամային իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու համար։
Երևանյան գագաթնաժողովը կդառնա պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը և, ինչպես ակնկալվում է, նոր թափ կհաղորդի կողմերի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը։




























