Երեկ երեկոյան՝ ժամը 19-ին, հզոր պայթյուն է որոտացել երկաթգծային Տարկի կայարանի մոտ, որը գտնվում է Մախաչկալա-Դերբենտ-Բաքու գծում: Դեպքը տեղի է ունեցել Մախաչկալայից 6 կմ հեռավորության վրա: Ռումբի պայթյունի հետեւանքով այրվել է լոկոմոտիվը, մասնակիորեն վնասվել է երկաթգիծը: Նախնական տվյալներով, զոհեր եւ վիրավորներ չկան:
Ներկայումս, ըստ «Վեստի»-ի, Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ Անվտանգության Դաշնային ծառայության օպերատիվ-հետաքննչական խմբերը պայթյունին հարակից տարածքներում եւ երկաթգծի երկայնքով փնտրում են այլ պայթուցիկ սարքավորումներ: Գնացքների երթեւեկությունը Մախաչկալա-Դերբենտ-Բաքու ուղղությամբ մասնակիորեն վերականգնվել է: Այդ ուղղությամբ, բառացիորեն մի քանի ժամից պետք է անցնեին միանգամից 2 մարդատար գնացքներ, սակայն, բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել:




























