Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը ադրբեջանական գործակալություններին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Աթենքում ակնկալվող` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կընթանան այն հարցերի շուրջ, որոնք կողմերի միջեւ համաձայնեցված չեն: Ակնկալվում է հանդիպում նաեւ 3+2 ձեւաչափով` նախարարների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-2-ը Հունաստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, մասնավորապես` ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:
Նշենք նաեւ, որ վերջերս ՀՀ Ազգային Ժողովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չէր բացառել, որ Աթենքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունվելիք փաստաթղթում դրույթ լինի նաեւ հակամարտությունների, մասնավորապես՝ նաեւ ԼՂ հակամարտության վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել էր մինչեւ երկու երկրների նախագահների մյունխենյան հանդիպումը:




























