Ռուսաստանի Նովգորոդյան մարզում տեղի ունեցած երկաթուղային խոշոր վթարի արդյունքում 39 մարդ զոհվել, եւս 95-ը հոսպիտալացվել են։ Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում։ Մոսկվայից Պետերբուրգ մեկնող մարդատար «Նեւսկի» ճեպընթացի չորս վագոնները Ալեշինկա-Ուգլովկա հատվածում դուրս են եկել գծերից։
Եւս 19 մարդու ճակատագիր անհայտ է մնում։ «Նրանք չկան, ոչ զոհվածների, ոչ տուժածների, ոչ էլ Պետերբուրգ հասածների մեջ։ Բայց նրանք, հնարավոր է, Ուգլովկայում լինեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյան Գոլիկովան։
Գնացքում, ընդհանուր թվով, 682 մարդ է եղել՝ 661 ուղեւոր եւ անձնակազմի 21 անդամ։
Պատահարի վարկածներից մեկը ահաբեկչությունն է։ Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների խոսքով, ինչպես հայտնում է «Վեստին», բացառված չէ պայթյունի վարկածը, քանի որ վկաները խոսում են «թնդյունի եւ բռնկման մասին»։
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի խոսքով, դեպքի անչությամբ փոփոխվել է ավելի քան 60 ուղեւորատար գնացքների երթուղին։ Այդ գնացքներում այժմ շուրջ 27 հազար ուղեւոր կա։




























