Շանհայի միջազգային Պուդուն օդանավակայանում թռիչքի ժամանակ կործանվել է Զիմբաբվեի ավիաընկերությանը պատկանող բեռնատար MD-11 օդանավը: Նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է «Սինհուա»-ն, վթարի պատճառով երեք հոգի զոհվել են, եւս չորսը՝ վնասվածքներ են ստացել: Տուժածներից մեկը ծանր վիճակում է:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7.40-ին (3.40-ին երեւանյան ժամանակով), թռիչքից անմիջապես հետո ինքնաթիռի պոչամասում հրդեհ է բռնկվել, եւս մի քանի րոպեից ինքնաթիռն ընկել է գետնին եւ բառացիորեն մասերի բաժանվել: Անձնակազմի երեք անդամների մարմինները հայտնաբերվել են երբ կրակը տեղայնացվել է:

Վթարի պատճառների մասին դեռ պաշտոնապես չի հաղորդվել, նախնական տվյալներով՝ օդանավը բարձրություն հավաքելու ժամանակ պոչամասով հարվածել է թռիչքուղուն, ինչը կարող է գերբեռնվածության կամ օդաչուների սխալի հետեւանք լինել:

Անձնակազմի քաղաքացիության մասին չի հաղորդվում, նշվում է միայն, որ Չինաստանի քաղաքացիներ չեն եղել: Ինթնաթիռը Շանհայից ուղեւորվում էր Բիշքեկ:

Միջադեպի վայրում աշխատում են փրկարարները, օդանավակայանի աշխատանքը, որ մի քանի ժամով դադարեցվել էր, վերականգնվել է: