Թուրքիայի վարչապետը իր գլխավորած կուսակցության համաժողովին՝ ծիծաղելի իրադրության մեջ է ընկել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական interhaber կայքէջը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցել էր Թուրքիայի Քզըլջահամամ քաղաքում կազմակերպված իր գլխավորած՝ «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության համաժողովին։ Վարչապետ Էրդողանին դիմավորել է տեղի քաղաքապետը, որն ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամ է։ Էրդողանը եւ իրեն ուղեկցողները արդեն պատրաստվելիս են եղել նախատեսված սրահից դուրս գալ ճաշելու համար, երբ վերելակի մոտ Էրդողանը, չիմանալով, որ դիմացինը հենց ընդդիմադիր կուսակցության անդամ քաղաքապետն է, սկսել է հետը զրուցել ընտրությունների թեմայով։
Էրդողան. — Տեսեք, այստեղ ընտրություններում պարտվեցինք, անհրաժեշտ է շատ աշխատել, որպեսզի նոր ընտրություններում հաղթենք։
Քաղաքապետ. — Բայց ես արդեն այստեղի քաղաքապետն եմ։
Էրդողան. — Չհասկացա, ինչպե՞ս։
Քաղաքապետ. — Այս պահին ես եմ քաղաքապետը։
Էրդողան. – Ինչպե՞ս թե, բա ինչո՞ւ հաղթեցիր։
Քաղաքապետ. — Աստված վկա, ժողովուրդը այդպես ուզեց։
Վարչապետ Էրդողանը ծիծաղելով մաղթում է հաջողություն գործերին։
Այս զավեշտալի միջադեպից հետո տեղի քաղաքապետ Ջոշքուն Ունալը պատմել է մանրամասները. «Մենք արարողակարգի համաձայն, դիմավորեցինք վարչապետին։ Գնացինք ճաշելու։ Այդ երկխոսությունը տեղի ունեցավ սրահից դուրս գալուց։ Եթե իր կողմնակիցները պարոն վարչապետին ինձ ծանոթացրած լինեին, նման խոսակցություն չէր լինի։ Ամեն դեպքում նա մեր վարչապետն է։ Մեր ձեռքից եկած հարգանքը ցույց տվեցինք։ Քաղաքականությունը իմ գործը չէ։ Ես քաղաքապետ եմ», ասել է ընդդիմադիր կուսակցության անդամը։
Ի դեպ, Թուրքիայի վարչապետի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը տվյալ քաղաքում ղեկավարել է 2004-2009 թվականներին։ Սակայն 2009 թվականի մարտի 29-ի տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում հաղթեց ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ջոշքուն Ունալը։




























