Շուկայական հարաբերությունների անցման հետ մեր իրականության մեջ հայտնվեց մի ֆենոմեն` «պայմանագրային գին»:
Եւ որքան էլ զարմանալի է, «պայմանագրային գինը» դուրս եկավ իր հիմնական դաշտից` շուկաներից եւ արդեն գործում է առաջին հայացքից հեղինակավոր թվացող մանրածախ առեւտրի օբյեկտներում: Օրինակ, շինանյութերի խանութում պիտակների վրա այլ գին է, իսկ վաճառողը գնորդին այլ գին է առաջարկում` հեշտությամբ 10%-ի զեղչ անելով:
Կան «պայմանագրային գնի» տարածված այլ մեթոդներ` քողարկված ակցիայի ետեւում: Օրինակ, կենցաղային տեխնիկայի խանութներում բոնուսների տարբերակը. երբ մի ապրանք ձեռք բերելու համար մի քանի էժան էլեկտրասարքեր են առաջարկվում:
Պարզ է, որ վաճառքից ստացված գերշահույթն այնքան բարձր է, որ թույլ է տալիս դրա հաշվին որոշակի գին նվազեցնել: Կամ էլ գներն են «կեղծ», ինչը, սկզբունքորեն, նույնն է: Երկու դեպքում էլ վաճառողը կամ առեւտրային կազմակերպության սեփականատերը գերշահույթ է ստանում:
Վատն այն է, որ շուկայական հարաբերությունների անցման հետ վերացել է գների նկատմամբ վերահսկողությունը: Եւ այս ոլորտում լիակատար բարձիթողի վիճակ է: Ժողովրդին կերակրում են հեքիաթներով, թե գները ձեւավորվում են մրցակցային միջավայրում, եւ իբր թե դրանց մակարդակն օբյեկտիվ է առաջարկի ու պահանջարկի նման հարաբերակցության պայմաններում:
Սակայն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են մեզանում «ինչ-որ չափից բարձր» գներ ստացվում, ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ: Չնայած ի՞նչ պետք է պատասխանել, երբ ոչ մի նորմալ բացատրություն պարզապես չկա: Բոլոր ապրանքային շուկաներում, եթե կան մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, միշտ էլ կարող են իրենց համար շահավետ գնի շուրջ պայմանավորվել:
Քանի որ գների գոյացման օբյեկտիվ եւ ազատ մեխանիզմների մասին գաղափարը շռնդյունով տապալվեց, պետությունը պետք է մի շարք միջոցառումներ ձեռնարկի` սպառողների շահերի պաշտպանության համար: Վերջին շրջանում գնաճն ավելի է վատթարացրել բնակչության անապահով խավի վիճակը, եւ երկրում աղքատության մակարդակն աճել է: Բացառված չէ, որ գների աճի վրա «ձեռքներն են տաքացրել» անբարեխիղճ «ձեռնարկատերերը»: Այլապես ինչպե՞ս բացատարել բանկերում «քաղաքացիների» ավանդների կտրուկ աճը աղքատության աճի պայմաններում:
Բացի գներից, քաղաքացիների համար գաղտնիք են մնում նաեւ շատ սակագների աճի պատճառները. բավական է հիշել բնական գազի մանրածախ գնի կտրուկ աճի հետ կապված սկանդալը: Նույն անարխիան է տիրում մայրաքաղաքային հասարակական տրանսպորտի ոլորտում: Հարցին, թե ինչպե՞ս է ձեւավորվել ներկայիս 100 դրամ սակագինը` դարձյալ պարզորոշ բացատրություն չկա:
Չկա հասարակական տրանսպորտով երթեւեկելու ինքնարժեքի վերաբերյալ ոչ մի նորմատիվ, որի հիմա վրա հնարավոր լինի որոշել տվյալ սակագնի օբյեկտիվությունը: Եթե մեզանում չկան այդ հարցի ուսումնասիրմամբ զբաղվող հաստատություններ, ապա կարելի է վերցնել Ռուսաստանում մշակված նմանտիպ տեղեկատվությունը, որտեղ հասարակական տրանսպորտով երթեւեկելու ինքնարժեքը մանրամասն ներկայացված է: Մնում է միայն օգտագործել այդ տվյալները: Մենք ունենք չէ՞ Տրանսպորտի եւ կապի նախարարություն, ինչպես նաեւ քաղաքապետարան, դե ուրեմն թող չծուլանան եւ պարզեն` վնասո՞վ է աշխատում քաղաքային հասարակական տրանսպորտը (ինչպես սիրում են վստահեցնել «գծերի տերերը»), թե՞, այնուամենայնիվ, բավականին շահույթ ունեն:
Ալբերտ Խաչատրյան



























