Սինոփսիս Արմենիայում երեկ` մարտի 13-ին, տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նախագահի ամենամյա կրթական պարգեւի Հաղթողների ակումբի անդամների հանդիպումը ՀայաստանիՊաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հետ:
NEWS.am-ին Սինոփսիս Արմենիայից հայտնեցին, որ հանդիպումը, որը տեւել է ավելի քան 2 ժամ, բացել է Հայաստանի նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ով պատմել է Հայկ Քոթանջյանի գործունեության մասին ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային շրջանում, անկախ Հայաստանի կայացման տարբեր փուլերում: Հաղթողների ակումբի անդամների հարցերը հիմնականում ուղղված էին Հայաստանի անվտանգության ռազմավարությանը, տարածաշրջանային եւ միջազգային ռազմաքաղաքական իրադրությանը, Հայաստանին վերաբերող վտանգներին ու մարտահրավերներին:
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նախագահի ամենամյա կրթական պարգեւը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի հովանավորությամբ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որը հիմնադրվել է 2005թ:
Մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերում` «Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ»: Անցած յոթ տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 201 լավագույն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին:




























