Հայաստանյան 32 ՀԿ-ներ դիմում-ուղերձ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ անդրադարձել են Գյումրիի երկրաշարժից անօթեւանների հերթացուցակում հաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ընթացիկ տարում եւս 1200 բնակարանի կառուցման անհրաժեշտության խնդրին:

Դիմում-ուղերձում ասվում է.

«Ինչպես գիտենք, 2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն բնակարանային շինարարության ծրագրով նախատեսված է մինչեւ 2013 թ. լուծել երկրաշարժից անօթեւանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիում հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Այդ ծրագրի շրջանակներում 2010 թ.-ին Գյումրիի Մուշ-2 թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, որոնցից 1040-ը բաշխվեց հաշվառված անօթեւան ընտանիքներին, իսկ Գյումրիի Մուշ-2 եւ Անի թաղամասերում շահագործվելիք 1756 բնակարաններից 1754-ը մայիս ամսին է նախատեսվում բաշխել անօթեւանների հերթացուցակում ընդգրկված ընտանիքներին:

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի` նախորդ ամիս ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում հնչեցրած տվյալների համաձայն, բնակբաշխման հանձնաժողով ներկայացված 2569 ընտանիքների փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրությունների արդյունքներով 138 ընտանիքներ տարաբնույթ պատճառներով չեն ճանաչվել շահառու: Ի դեպ, մեր ունեցած տեղեկատվության համաձայն նրանց մի մասը պատրաստվում է իրենց բնակարանային իրավունքները պաշտպանել դատական կարգով: 67 գյումրեցի անօթեւան ընտանիքների բնակապահովման հարցն էլ հետաձգվել է ավելի ուշ ժամկետների` հանրապետությունից ընտանիքի ամբողջ կազմի բացակա լինելու պատճառով: Ներկայումս նրանց մի մասը վերադառնում են Հայաստան բնակբաշխման գործընթացին մասնակցելու նպատակով: Գյումրիի անօթեւանների հերթացուցակում հաշվառված 388 ընտանիքներ էլ պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացրել բնակբաշխման հանձնաժողովին: Այդ ընտանիքները հիմնականում բազմանդամ են, ապրում են տնակներում եւ պարզապես խնդիրներ են ունեցել պահանջվող փաստաթղթերի համալրման գործում: Աղետի գոտում ընթացող բնակարանաշինության այս ծրագրի շրջանակներում հերթացուցակում հաշվառված 294 այն անօթեւան ընտանիքներին, որոնք երկրաշարժի հետեւանքով կորցրել են սեփական տներ կամ ենթակա են դրամական փոխհատուցման, չթույլատրվեց մասնակցել  բնակբաշխման գործընթացին: Նաեւ նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանում կան լրացուցիչ հաշվառված շուրջ 200 ընտանիքներ, որոնք թեեւ երկրաշարժի հետեւանքով կորցրել են իրենց բնակարանները եւ մինչեւ օրս չեն փոխհատուցվել, սակայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն մինչեւ 2011 թ. նոյեմբերի 1-ը չեն կարողացել պահանջվող փաստաթղթերը ներկայացնել քաղաքապետարան եւ հաշվառվել անօթեւանների հերթացուցակում:

Հարգելի պարոն նախագահ եւ պարոն վարչապետ

Վերը նշված թվային վերլուծությունը, մեր դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն Գյումրիի անօթեւանների հերթացուցակում հաշվառված անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով, 2010 թ.-ին շահագործված 1056 եւ ընթացիկ տարում շահագործվելիք 1756 բնակարաններից բացի, անհրաժշտ է կառուցել եւս 1200 բնակարան:

Մեր ունեցած տեղեկություններով` անօթեւանների հերթացուցակում հաշվառված եւ բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ շահառու ճանաչված հարյուրավոր ընտանիքների, որոնց չի բավարարելու այս տարի շահագործվելիք բնակարանների քանակը, մտադիր եք տրամադրել բնակարանների գնման վկայականներ: Երկրաշարժից անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները ԲԳՎ-ների միջոցով լուծելու նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ դա արդարացված ճանապարհ չէ եւ չի լուծում անօթեւանության խնդիրը, ավելին` դառնում է արտագաղթի պատճառ: Երբ հարյուրավոր ընտանիքներ, ստանալով ԲԳՎ-ները եւ կեղծ գործարքներ կնքելով, գումարները ստացան, սակայն չդարձան բնակարանատերեր, նրանց մի մասը արտագաղթեց, իսկ մյուս մասը շարունակում է ապրել տնակներում` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւանի կարգավիճակում:

Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող փաստացի անօթեւան, սակայն երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած չլինելու կամ նախկինում փոխհատուցված լինելու եւ այլ պատճառներով շուրջ 3000 ընտանիք էլ հաշվառված չեն պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում:

Հարգելի պարոն նախագահ եւ պարոն վարչապետ.

Համոզված ենք` Գյումրիում անօթեւանության խնդիրը զգալիորեն կթեթեւանա, եթե այս տարի իրականացվի եւս 1200 բնակարանի շինարարություն, եւ միայն այդ պարագայում կարելի կլինի հավատալ, որ երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած ընտանիքների հերթացուցակում հաշվառված անօթեւան ընտանիքները ամբողջովին կփոխհատուցվեն, եթե ոչ մինչեւ 2013 թ.-ը, ապա` 2013 թ.-ին:

Սույն դիմում-ուղերձը պատրաստվել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից եւ ընդունվել` փետրվարի 14-ին, Գյումրիում գործող 32 հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ այլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից»:

Դիմում-ուղերձին միացել են հետեւյալ հասարակական կազմակերպությունները.

1 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

2 «Բիոսոֆիա» առողջապահության , բնապահպանության եւ գյուղատնտեսական զարգացման կենտրոն ՀԿ

3 «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյու»  ՀԿ

4 «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

5 «Կրթության ասպարեզ» ՀԿ

6 «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ

7 «Անի»  հաշմանդամ երեխաների ՀԿ

8 «Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ

9 «Նոր Սերունդ» մանկապատանեական եւ երիտասարդական ՀԿ

10 «Գյումրու Առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ

11 «Սրբազան Հող» Բարեգործական ՀԿ

12 «Համայնքային նախաձեռնութ. եւ քարոզչության կենտրոն» ՀԿ

13 «Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ 

14 «Երիտասարդ կանանց քրիստոնեական «Ֆլորա» ասոցիացիա» ՀԿ

15 «Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ

16 «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ

17 «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ

18 «Կայունություն եւ առաջընթաց» ՀԿ

19 «Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ

20 «Գյումրիի կանայք, զարգացման կենտրոն» ՀԿ

21 «Նոյ» ինտելեկտուալ ստեղծագործության կենտրոն» ՀԿ

22 «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ

23 «Շիրակ կենտրոն» ՀԿ

24 «Աջակից» բարեգործական ՀԿ

25 «ՀՀ Հաշմանդամների ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղ»  ՀԿ

26 «Լիության տուն» համայնքային կենտրոն ՀԿ

27 «Երրորդ բնություն» ՀԿ

28 Գյումրի «Անի» ՀԿ

29 «Ցոլինե» բարեգործական, մշակութային, իրավապաշտպան ՀԿ

30 «Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ» բարեգործական Շիրակի մարզային կառույց ՀԿ

31 «Շիրակի շահերի պաշտպանության եւ աջակցության  կենտրոն» ՀԿ

32 «Խորհրդատու» բարեգործական հիմնադրամ