«Մայքրոսոֆթ» ընկերության հայկական գրասենյակի նախաձեռնությամբ, մարտի 16-ին, «Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնում» տեղի կունենա հանդիպում-քննարկում «Մայքրոսոֆթ ընկերության արտադրանքի հայացման» թեմայի շուրջ:

2006թ.-ից ընկերությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ՏՏ ոլորտում  առկա բառապաշարի տեղայնացման հարցը եւ մինչեւ օրս մեծ ներդրումներ է կատարել իր արտադրանքի հայացումն իրականացնելու համար: Որպես օրինակ կարելի է նշել Windows XP, Windows Vista, Windows 7, MS  Office 2007, MS  Office 2010, ինչպես նաեւ ուղղագրական ծրագրերի հայացումը:

Եզրույթների հայացման գործընթացն ինքնանպատակ չէ, քանզի առաջնայինը՝  լեզուն որակյալ թարգամանություններով ապահովելն է: Այդ պատճառով  ընկերությունն նախաձեռնում է  հանդիպում-քննարկում՝ խնդրով շահագրգռված մարդկանց հետ միասին  փոխզիջումային տարբերակներ քննարկելու համար:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Ելույթ կունենան ՀՀ Էկոնոմիկայի նախարարարի խորհրդական Վահե Դանելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը, Biline ընկերության նախագահ Հայկ Խանջյանը, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, որից հետո կլինի ազատ քննարկում՝ ներկաների անմիջական մասնակցությամբ:

Հարկ է նշել, որ միջոցառման նպատակն է ավելի լայն մասնագիտական շերտեր ներգրավել այս գործընթացին: Ուստի քննարկում-հանդիպումը բաց է բոլոր շահագրգիռ անձանց համար:

«Լեզուն, որ յուրաքանչյուր ազգի դիմագիծն է, համաշխարհային գիտատեխնիկական զարգացումներին զուգընթաց  ենթարկվում է փոփոխությունների: Յուրաքանչյուր նորամուծություն իր հետ նոր լեզվապաշար է բերում, նոր եզրույթներ, որոնց թարգմանությունների անհրաժեշտության հարցը շատերի մոտ դեռեւս վիճահարույց է»,-ասված է «Մայքրոսոֆթ»-ի հաղորդագրության մեջ: