Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են քաղաքի վարչական շրջանների փետրվար ամսին, ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն եւ Նուբարաշեն վարչական շրջանները: Սպորտային եւ մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված վեց վարչական շրջաններում արձանագրվել են թերացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է տեղերում ուսումնասիրել թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ: Զեկուցվել է նաեւ, որ առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները փետրվար ամսին ապահովել են դիմում-բողոքների արձանագրման ու փաստաթղթաշրջանառության իրականացման ոլորտներում:
Սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված որոշակի թերացումներ արձանագրած չորս վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ճշգրտել բազաներն ու ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը: Միաժամանակ, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պատկերը առավել հստակ դարձնելու համար, այսուհետ աղբահանության հավաքագրման ցուցանիշը կառանձնացվի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից: Քաղաքապետը հանձնարարել է նաեւ ավելի հետեւողական լինել ապօրինի շինարարության եւ հողօգտագործման դեպքերը կանխելու, բարեկարգման եւ կանաչապատման, աղբահանության եւ սան.մաքրման աշխատանքները ավելի բարեխիղճ կազմակերպելու հարցերում:




























