Նիգերիական Լագոս նավահանգստում նախօրեին երեկոյան դրեյֆի ժամանակ ծովահենները հարձակվել են ռուս-ուկրաինական անձնակազմով «Սիլվերետտա» ջերմանավի վրա։ Մոտ երկու ժամվա ընթացքում հանցագործները թալանել են նավը, դատարկելով կապիտանի պահարանն ու վերցնելով նավաստիների անձնական իրերն ու արժեքավոր իրերը: Նավաստիները հարձակման ժամանակ լրջորեն վնասվել են:
Ինչպես հաղորդում է «Մորսկոյ բյուլետեն» ինտերնետային կայքը, միջադեպի ժամանակ անձնակազմի 9 անդամներ լուրջ վնասվածքներ են ստացել, մասնավորապես ծեծի են ենթարկվել նավ կապիտանը, ավագ օգնականն ու երրորդ օգնականը: Նավաստիները մոտ 10 ծովահենների ագրեսիվ պահվածքը պայմանավորել են թմրամիջոցների օգտագործմամբ:
«Սիլվերետտա» ջերմանավը լողում է Շվեյցարիայի դրոշի ներքո: Նրա անձնակազմը 23 մարդ է: Մի աղբյուրի տվյալով անձնակազմի բոլոր անդամները ռուսներ են, այլ տեղեկություններով՝ նրանց մեջ նաեւ ուկրաինացիներ կան:




























