Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելլեի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այսօր` մարտի 16-ին, տեղի է ունեցել պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մրցակցային իրավիճակի եւ ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված հարցեր:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է մինչ այսօր Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաեւ 2012 թվականի առաջնահերթությունները:
Ծանոթանալով Հանձնաժողովի գործունեության վիճակագրությանն ու աշխատանքների հիմնական ուղղություններին, Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի դեսպան, Գլոբալիզացիայի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի քաղաքականության հանձնաժողովի անդամ Ստեֆան Աուերը ընդգծել է, որ կատարվող քայլերը խիստ կարեւոր են ոչ միայն երկրում մրցակցային բարենպաստ միջավայրի, այլ նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսակյունից: Ս. Աուերը նշել է, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ, ինչին իր գործունեությամբ նպաստում է նաեւ Հանձնաժողովը` ստեղծելով վստահելի եւ բարենպաստ ազատ մրցակցային միջավայր:
Խոսելով Հանձնաժողովին տրված լիազորությունների մասին` Ս. Աուերը նշեց, որ տնտեսվարողների մոտ լիարժեք ստուգումներ իրականացնելու իրավասությունը կնպաստեր Հանձնաժողովի ադյունավետության էլ ավելի բարձրացմանը: Նա նշեց, որ ոչ միայն Գերմանիայում, այլ նաեւ ԵՄ մակարդակով այն շատ կարեւոր գործիք է, քանի որ մեծացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացքում փաստերի հավաքագրումը եւ ապացուցողական հնարավորությունները:
Ս. Աուերը կարեւորեց նաեւ խախտումների դեպքում Հանձնաժողովի խիստ դիրքորշումը` նշելով, որ այն կանխարգելիչ նշանակություն ունի:




























