Հայաստանի խորհրդարանը կարծես գործում է թուրքական հրահանգով` հրաժարվելով ճանաչել հույների եւ ասորիների ցեղասպանությունը:  Այդ մասին մարտի 19-ին հայտարարել է ԱԺ-ի` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հույների, ասորիների եւ Օսմանյան կայսրությունում բնակվող այլ ազգությունների ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկման ժամանակ:

Օրինագիծը բացասական արձագանք է գտել ՀՀԿ-ի կողմից: Մասնավորապես, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ «Հայոց ցեղասպանություն» տերմինի տակ, որի միջազգային ճանաչմանն է փորձում հասնել Հայաստանը, պահանջ է ներկայացվում Փոքր Ասիայի մյուս բնիկ ժողովուրդների` հույների եւ ասորիների, ինչպես նաւ եզդիների դեմ բռնաճնշումների ճանաչման վերաբերյալ: Հետեւաբար, անհրաժեշտություն չկա առանձին օրինագծով ճանաչել մյուս ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանությունը:

Դրա հետ չի համաձայնել «Ժառանգություն» կուսակցության մեկ այլ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Հայաստանը բազմազգ պետություն է: Անկախ այն բանից, թե որ ազգությունը ինչքան տոկոս է կազմում: Հետեւաբար բոլոր ազգությունների իրավունքները պետք է հավասարապես հարգվեն»,-հայտարարել է նա: Իր հերթին, Փոստանջյանը մեղադրել է կոալիցիոն մեծամասնությանը հանցագործության մասին լռելու մեջ: «Հայկական խորհրդարանը գործում է կարծես Թուրքիայի խորհրդով:

Օսմանյան կայսրության տարածքում բնիկ ժողովուրդների ցեղասպանության ժխտմամբ, Հայաստանի խորհրդարանը, ցավոք սրտի, շարունակում է կայսրության իրավահաջորդ` Թուրքիայի հանրապետության քաղաքականությունը»,-հայտարարել է նա:
Հաջորդ քվեարկությանը օրինագիծը չէր ընդգրկվել օրակարգում. որոշմանը դեմ էր քվեարկել իշխող կոալիցիան: 17 պատգամավորներ, այդ թվում «Ժառանգության» ներկայացուցիչները, քվեարկել էին  «կողմ»:

«Պոնտոսի հույների, ասորիների եւ Օսմանյան կայսրությունում այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագիծը առաջարկում է մայիսի 19-ը սահմանել որպես թուրքական ցեղասպանության զոհերի հիշատակի օր` իբրեւ մարդկության դեմ ծանրագույն հանցագործության:

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, ըստ Օսմանյան կայսրության պաշտոնական տվյալների, երկրում բնակվել են նվազագույնը 2,7 մլն հույներ: 1914 - 1923թթ. նրանցից 700 հազարը զոհվել են ինչպես  կոտորածից, այնպես էլ հարկադիր աշխատանքից, արտաքսումից եւ քաղցից:

 Այնուամենայնիվ, նույնիսկ 1922 թվականի սեպտեմբերին  ջարդերի ավարտից եւ  հաջորդ տարի  Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բնակչության փոխանակումից հետո , ըստ 1927 թվականի տվյալերի (որը բերվում է հունական LDSA հետաքննական կենտրոնի կողմից)` Թուրքիայում  հաշվվում էր շուրջ 120 հազար հույն, որոնց մեծ մասը` Ստամբուլում: 1955 թվականի սեպտեմբերին Ադնան Մենդերսի կառավարությունը հույն բնակչության ջարդերի նոր շարք էր հրահրել  եւ  «հայկականից»  երեք տասնյակ տարի անց փաստացիորեն իր համար որոշել էր նաեւ «հունական հարցը»: Ներկայումս, ըստ  «Human Rights Watch»-ի տվյալների, երկրում ապրում է շուրջ 2,5 հազար հույն:

Ինչպես  NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել են հունական եւ ասորական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հարցը քննարկվել է նրանց մասնակցությամբ:  Օրինագծին դեմ են արտահայտվել  ասորական համայնքի ներկայացուցիչները: Մասնավորապես, «Հայդթա»  ասորական  միությունների ֆեդերացիայի ղեկավար Իրինա Գասպարյանը նշել է, որ տվյալ տեսքով օրինագիծն իրենց համար անընդունելի է, քանի որ մայիսի 19-ը «հունական ամսաթիվ է»: