Մրցակցային մարմիններն աշխարհում այնքան էլ ժողովրդականություն չեն վայելում, այդ պատճառով կարիք ունեն միմյանց հետ համագործակցելու: Նման հայտարարությամբ այսօր` մարտի 18-ին, հանդես եկավ Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը: Նա եւ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր Երեւանում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Դրանով Ֆրանսիայի մրցակցային մարմինը պատրաստակամություն է հայտնում օգնել ՏՄՊՊՀ-ին, մասնավորապես` վերապատրաստման նպատակով կկազակերպվեն ուսումնական այցեր: Հուշագրով նաեւ նախատեսված է փոխանակել տեղեկատվություն` հայ-ֆրանսիական ընկերությունների հանդեպ իրականացվող վարույթների կամ ուսումնասիրությունների ժամանակ:
Անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի գործունեությանը, Բ. Լասերն ասաց. «Կեցցեք պրն Շաբոյան, արդյունավետության համար միայն օրենսդրական փոփոխությունները բավական չեն, պետք է նաեւ համարձակ լինել»,- ասաց Բ. Լասերը: Իր հերթին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ 2011 թ. Հանձնաժողովը պատասխանատվության ենթարկելու 200 որոշում է կայացրել` 2010 թ. 100-ի համեմատ, մի քանի անգամ ավելացել են տուգանքները, իսկ դատարանների կողմից Հանձնաժողովի ոչ մի որոշում անվավեր չի ճանաչվել: Ըստ Ա. Շաբոյանի` ՏՄՊՊՀ աշխատանքների արդյունավետությունը միայն օրենսդրական փոփոխություններով չէ, որ պայմանավորված է, կարեւոր նշանակություն ունի նաեւ ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Այդ առումով` ԱՍ. Շաբոյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի մրցակցային մարմնին` աջակցության համար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն. Գ. Անրի Ռենոյն իր հերթին նշեց, որ մրցակցության խթանումն «իր ետեւից վեկտորի պես տանում է նաեւ մյուս ոլորտները», իսկ դա իր հերթին կխթանի հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկությունների գործունեությունը:


























