Հայաստանի ԿԳՆ-ում այսօր` մարտի 21-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2012-ին Վայոց ձորի մարզի  կրթության վարչությունում եւ դպրոցներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Խորհրդակցությունը վարել է նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը, ներկայացնելով  ստուգումների արդյունքները, նշել է, որ արձանագրվել են որոշակի  թերություններ, որոնք առնչվել են դպրոցների կանոնադրություններին, մասնավորապես ստուգման պահին 14 դպրոցների կանոնադրություններ պետական գրանցում չեն ունեցել: Խորհրդակցությանը ներկա Վայոց  ձորի  մարզպետարանի ներկայացուցիչն այս առնչությամբ նշել է, որ այդ բացթողումն արդեն շտկված է:

Ներկայացված զեկույցի համաձայն՝ մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում  արձանագրված թերացումները  հիմնականում վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը, առանձին դեպքերում ուսումնական պլանի եւ դասացուցակների  անհամապատասխանություններին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ հաշվի առնելով նշված թերացումները, ինչպես նաեւ դրանք հետագայում բացառելու անհրաժեշտությունը, համապատասխան առաջարկ կներկայացվի մարզպետարան: «Տեսչության ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական կրթական քաղաքականությունը տեղերում լիարժեք իրականացնելու առումով մեխանիզմների պակաս կա եւ նմանատիպ  քննարկումները պետք է նպաստեն, որ այդ մեխանիզմները ստեղծվեն եւ ավելի արդյունավետ դառնան»,- նշել է Մանուկ Մկրտչյանը:

Խորհրդակցության արդյունքում առաջարկվել  է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ: