Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Եթովպիայի նորանշանակ դեսպան Կասահուն Դենդեր Մելեսին: Շնորհավորելով դիվանագիտական պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին եւ մատնանշելով հայ–եթովպիական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ այսօր էլ առկա է երկուստեք հարաբերությունների նորովի զարգացման մեծ ներուժ:
«Մենք ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցություն հաստատել մեր մայրաքաղաքների միջեւ։ Պատրաստ ենք աջակցել մշակութային եւ գործնական ծրագրերին: Որքան սերտանան կապերը մեր քաղաքների միջեւ, այնքան ավելի շուտ կյանքի կկոչվեն մեր նախաձեռնությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Կասահուն Դենդեր Մելեսը` ընդգծելով դեռեւս 17-րդ դարից ձեւավորված հայ-եթովպիական կրոնական ու մշակութային սերտ կապերը, հույս է հայտնել, որ հայ-եթովպիական հարաբերությունները կզարգանան այլ ուղղություններով եւս, հատկապես հաշվի առնելով առկա գործնական կապերը: Դեսպանը նաեւ տեղեկացրել է, որ նախատեսում են Հայաստանում կազմակերպել եթովպիական մշակույթի օրեր եւ ուրախ կլինի այդ համատեքստում քննարկել քույր քաղաքների ձեւավորման եւ համագործակցության հեռանկարը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է փաստաթղթային ձեւակերպում տալ հարաբերություններին եւ համագործակցության եզրեր գտնել նաեւ երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ` կարեւորելով համատեղ փորձի փոխանակումը:




























