«Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերությունը դիմել է կառավարություն` ներմուծված ապրանքների «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը մինչեւ 2012 թ. հոկտեմբեր երկարաձգելու համար:
Հարցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգ: Սակայն ՀՀ կառավարությանն առընթե պետեկամուտների կոմիտեն առարկություն է ներկայացրել: ՊԵԿ-ի պաշտոնական գրության մեջ նշված է, որ այդ ընկերության մաքսային գործարքները կասեցված են, իսկ դատարանի վճռով այդ ընկերությունը պետք է 59.1 մլն դրամ տուգանք վճարի: «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում մաքսային կանոնների խախտման առարկա հանդիսացող ապրանքների նկատմամբ կիրառել մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգում»,-նշված է ՊԵԿ-ի եզրակացության մեջ:
Ի պատասխան` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ տուգանքը նշանակվել է նախկին տնօրենի օրոք եւ վերացվել է ՀՀ վարչական դատարանի 03.06.2011 թ. վճռով:
Նշենք, որ «Լուսակերտ Բիոգազ Փլանթը» վերամշակում է «Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՍՊԸ-ի արտադրական թափոնները` հեղուկ թռչնաղբը: Վերամշակման արդյունքում առաջացած կենսագազն օգտագործվում է էլեկտրոէներգիա ստանալու համար:




























