Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Գյումրիում մարտի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում կատարված խուլիգանության փաստի առթիվ հետաքրքրվել է, թե որպես մարզպետ, թե որպես Արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության նախկին պետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Նրա խոսքով, միջադեպը քաղաքական դրդապատճառներ չունի եւ կապված չէ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ, ինչպես նշում է մամուլը: «Միակ բանը, որ կարող եմ ձեզ հավատացնել, որ դա այն է, որ սպորտդպրոցում տեղի ունեցածը քաղաքական բնույթ չունի»,- նկատեց Աշոտ Գիզիրյանը:

Դիտարկմանը, թե ըստ որոշ աղբյուրների, վեճն իրականում տեղի է ունեցել ոչ թե ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ, այլ կապ ունի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, նա արձագանքեց. «Չեմ կարծում: Նաեւ չեմ կարծում, որ ինչ-որ մի քաղաքական ուժի հետ կապված է: Իմ կարծիքով կապված չէ»: Իսկ, երբ հարցրեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ  հետախուզում է հայտարարված քրեական հեղինակություն համարվող, ԲՀԿ-ի համար աշխատող Արտյոմ Կարապետյանի («Շեկո») ու ՀՀԿ-ական Հովհաննես Մկրտչյանի («Տանկ») նկատմամբ, Գիզիրյանը պատասխանեց. «Նրանք ի՞նչ քրեական հեղինակություն»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում, մարտի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում կատարված խուլիգանության փաստի առթիվ մարտի 31-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանի խոսքով, մարտի 30-ին քննչական գործողություններ են կատարվել, որի շրջանակներում դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել են արնանման հեղուկի հետքեր, վնասված գույք: Հարցաքննվել են մարզադպրոցի աշխատակցուհին, դեպքի ականատեսները, Գյումրիի մսի կոմբինատի թաղամասի  բնակիչները: Լրացուցիչ զննվել է նաեւ մարզադպրոցը, ինչպես նաեւ Գյումրիի Լիսիկյան փողոցի թիվ 10 շենքի դիմացի տարածքը ու շենքի տակ գտնվող մթերային խանութը: Ձեռնարկվել են միջոցառումներ նաեւ պարզելու խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը: Նրանցից ոմանց ինքնությունն արդեն պարզվել է: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք նաեւ, որ  մարտի 30-ին ժամը 13-ի սահմաններում 2 խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է սկսվել Գյումրիի մսի կոմբինատ թաղամասում: Ծեծկռտուքը տեղի է ունեցել թիվ 34 ընտրատարածքի մեջ մտնող այդ թաղամասում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օգտին ձայներ հավաքող երիտասարդների միջեւ։ Նախնական տեղեկություններով, հնչել են նաեւ կրակոցներ: