3 տարի առաջ 33 տարեկան հասակում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը տեղյակ էր ջավախահայության անձնագրային ցուցակներից եւ այն բանից, թե քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար. հենց այդ ամենի համար էլ զոհվեց Մհերյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ով այսօր ընդդիմադիր ՍԴՀԿ կուսակցության անդամ է:
«Պետք է ուշադիր լինել այդ ցուցակներին եւ կտեսնեք, որ ոչ միայն ջավախահայերն են այստեղ անձնագրեր ստացել, այլեւ վրացիները, որոնք հայի են վերածվել: Եվ այդ ամենը այն ժամանակվա անձնագրերի եւ վիզաների վարչության պետ` Ալվինա Զաքարյանի թեթեւ ձեռքով»,- ընդգծեց Գուրգեն Եղիազարյանն, այնուհետեւ հիշեցրեց Ալվինա Զաքարյանի բնակարանային գողությունը: «Նա հայտարարություն էր տվել, որ իր տանից մեծ քանակությամբ ակնեղեն եւ ոսկեղեն են գողացել: Վարչության պետերից մեկը հարց էր տվել, թե «Քեզ որտեղից այդքան ոսկեղեն եւ ակնեղեն, դու ընդամենը մի վարչության պետ ես», ինչին ի պատասխան նա ասել էր, թե տատիկից է մնացել: Այդ վարչության պետն էլ շատ տեղին կատակել էր ասելով, թե տատիկդ էլ է անձնագրերի եւ վիզաների վարչության պետ եղե՞լ»: Գ. Եղիազարյանը վստահ է, որ Գեւորգ Մհերյանի սպանությանն պատճառը հենց այդ անձնագրային պատմություններն են:
Հիշեցենք, որ 2008թ-ի հուլիսի 3-ին Ալվինա Զաքարյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն` թոշակի անցնելու կապակցությամբ, իսկ նրան փոխարինել է Նորայր Մուրադխանյանը: Ավելի վաղ` հունիսի 26-ի կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություն էր հայտնել, որ անձնագրերի եւ վիզաների վարչությունում կաշառակերությունը ծաղկում է ապրում, ինչի հետ կապված իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում ինչպես Հայաստանի քաղաքացիներից, այնպես էլ երկիր ժամանող մեր համաքաղաքացիներից:
Ի դեպ, Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե այդ սպանության բացահայտումն իր պատվի հարցն է եւ ընդգծեց, որ ինքը դեռ այն ժամանակ ասել էր, որ այդ սպանությունը չի բացահայտվի, քանի որ դա շատ խորը արմատներ ունի: Գ. Եղիազարյանի ներկայացմամբ, իշխանության մեջ դոմինոյի սկզբունքն է գործում, երբ «բավական է մեկին ձեռք տան, ամեն ինչ փլվելու է»:
NEWS.am-ը անձնագրային ցուցակների կեղծման վարկածի շուրջ զրուցեց նաեւ Գեւորգ Մհերյանի հոր` Պետրոս Մհերյանի հետ, ով նշեց. «Դա վարկած է, որի վրա աշխատում են եւ կարող է դա լինել պատճառը: Խնդրում եմ բավարարվեք այսքանով»:
Պետրոս Մհերյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ որդուն կյանքից զրկողը հենց սպանությունից հետո դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց ոչ թե սպանության, այլ խարդախության մեղադրանքով: Ինչպես նաեւ նշել էր, որ սպանությունից հետո Գեւորգ Մհերյանի ֆլեշկան անհետացել է: «Այդ ֆլեշկան իր աշխատասենյակից անհետացել է եւ ոչ միայն դա: Անհետացել է նաեւ ֆաքսը: Դրա ուղղությամբ էլ է աշխատանքներ տարվում, առայժմ նորություններ չկան, բայց անհետացել են որոշակի բաներ աշխատասենյակից հենց 1-ին օրը: Ես աշխատանքի հետ կապված հարցերով տղայիս հետ չէի խոսում, բայց առաջնորդվելով իմ տրամաբանությամբ, հարց է ծագում, թե ինչո՞ւ է անհետացել «ֆլեշկան»:
Հիշեցնենք, որ 34-ամյա փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ սույն գործով նյութերը նախաքննական մարմնի մոտ են եւ այս պահի դրությամբ նախաքննության շահերից ելնելով, հրապարկման ենթակա որեւէ տեղեկատվություն գործի վերաբերյալ չի կարող տալ: Ի դեպ, տեղեկացրել էինք նաեւ, որ այս տարվա հոկտեմբերի 9-ի երեկոյան, շմոլ գազից թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներ Կարինեն, Արմենը, Ելենան եւ Մեսրոպը: Պետրոս Մհերյանը պնդում է, որ տեղի ունեցածը մահափորձ է: «Միանշանակ այդպես է, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Եթե իմ տանը չկա շմոլ գազի արտահոսք, բայց երկու օր շարունակ ժամը 4-ին գազի թունավորումից ուշաթափվում ենք, սա ի՞նչ է»,- ասել է նա: Սույն գործով պաշտոնական մակարդակով հայտնի է միայն այն, որ փաստի առնչությամբ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով. 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ), եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազենի կրում):
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























