ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանի երկրից բացակայությունը ոչ մի անգամ չի եղել ավելի քան 81 օր եւ քանի որ  ոստիկանությունն այսօր մշտական բնակության հիմքում տեսնում  է 6 ամիս եւ գոնե 1 օր ավելի բացակայությունը, գեներալ Սարոյանը չի մտնում այդ չափանիշի մեջ: Այս մասին,  այսօր` ապրիլի 4-ին, ասուլիսի ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով, այդ տվյալներն իրենց ձեռքի տակ են, սակայն  չեն կարող հրապարաել, քանի որ մասնավոր անձանց վերաբերյալ տվյալները գաղտնիք են:

Օմբուդսմենը նշեց, որ այս հանգամանքները հաշվի առնելով գեներալ Սարոյանի պատգամավորի թեկնածու գրանցումը ԿԸՀ-ի կողմից չի կարող դիտվել օրենքի խախտում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թիվ 19 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») ԿԸՀ-ին ուղղված իր դիմումում նշել էր, որ խախտվել է սահմանադրական իրավունքը, եւ եթե Խաչատուր Սուքիասյանին չեն գրանցել` պատճառաբանելով, որ նա վերջին հինգ տարում չի ապրել Հայաստանում, ապա ինչո՞ւ են գրանցել թիվ 19 ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Սեդրակ Սարոյանին: Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ինքը փաստացի տվյալներ ունի, որ վերջին 5 տարում Սեդրակ Սարոյանն անընդմեջ չի բնակվել Հայաստանում, այդ հարցում նրան օգնել են Ուկրաինայի եւ Մոսկվայի իր կողմնակիցները եւ որպես ապացույց` համապատասխան փաստաթղթեր են վերցրել` ներկայացնելու իշխանությանը, որ «եթե իշխանությունները չհասկանա, ապա գոնե հասարակությունը կիմանա»:

«Խաչատուր Սուքիասյանի դեպքը նախադեպ է, իսկ նախադեպային ինստիտուտը Հայաստանում գործում է, մենք վերցնում ենք այդ նախադեպը եւ ասում ենք, որ եթե դա տարածվում է Խաչիկ Սուքիասյանի վրա, ապա պետք է մյուս թեկնածուների վրա էլ տարածվի»,- նշել էր նա` շեշտելով, որ կամ Խաչատուր Սուքիասյանին էլ գրանցեն, կամ էլ երկուսին էլ մերժեն: