Գորիսի նախկին քաղաքապետ  Սամվել Հարությունյանը երեկ` ապրիլի 3-ին, նորից հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելով թիվ 37 ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովի որոշումը` Առողջապահության նախկին փոխանախարար Թաթուլ Հակոբյանին` որպես պատգամավորության թեկնածու գրանցելու հարցը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Սամվել Հարությունյանը` մանրամասնելով, որ երբ այդ հարցի առնչությամբ դիմում էր ներկայացրել թիվ 37 ԸԸՀ, այնտեղից հայտնել էին, որ իրենք այն մարմինը չեն, որ անվավեր ճանաչեն Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից տրված տեղեկանք:

Սամվել Հարությունյանի խոսքով` բոլոր գիտեն, որ Թաթուլ Հակոբյանը 2010թ նոյեմբերի 9-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատվելուց հետո աշխատանքի էր անցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում եւ աշխատում էր Դանիայի թագավորությունում, իսկ «Դանիան Հայաստանից մոտ 5000 կմ հեռավորությամբ է գտնվում, նա չէր կարող այդտեղ աշխատել եւ ապրել Հայաստանում»: Նրա համոզմամբ` իր ներկայացրած հայցադիմումը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, եւ եթե Վարչական դատարանը մերժի հայցադիմումը, ապա նա կդիմի Վճռաբեկ դատարան:

Իսկ Թաթուլ Հակոբյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Հարությունյանի մեկնաբանություններին, նշեց, որ նա ոչ մի փաստարկ չունի եւ ինքը որեւէ հակափաստարկ բերելու կարիք չունի. «Իր ասածների մեջ որեւէ իրավական հիմք չկա: Ես մշտապես ապրում եւ գրանցված եմ Երեւան քաղաքում, ժամանակավորապես աշխատում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում»,- նշեց նա` հավելելով, որ «Սամվել Հարությունյանին արդեն մերժել են, բացատրել, որ Թաթուլ Հակոբյանի փաստաթղթերը նորմալ է, բայց նա ինչ-որ պատվերներ է կատարում»:

Հարցին, թե վերջին 5 տարվա ընթացքում մոտավորապես քանի ամիս է գտնվել Դանիայում, առողջապահության նախկին փոխնախարարը կոչ արեց չխախտել իր սահմանադրական իրավունքը, չմտնել իր անձնական կյանքի մեջ: «Իմ անձնական կյանքի մեջ ոչ ոք իրավունք չունի մտնել»,- նշեց պատգամավորության թեկնածուն:

Նշենք, որ Սամվել Հարությունյանի` վարչական դատարան ներկայացրած առաջին հայցադիմումը չէր ընդունվել տեխնիկական պատճառներով: Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Արտակ Սիսակյանը, Վարազդատ Վարդազարյանը եւ ՀԱԿ անդամ Սամվել Հարությունյանը: Այնուհետեւ անկուսակցական Արտակ Սիսակյանը ինքնաբացարկ էր հայտնել: