Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն, այսօր` ապրիլի 4-ին, ընդունել է միջազգային «Քաունթերփարթ» կազմակերպության Աֆղանստանի գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող Աֆղանստանի տարբեր գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբին:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային խմբի անդամներին մասնավորապես հետաքրքրում էր ոչ առեւտրային կազմակերպություններին առնչվող հայաստանյան օրենսդրությունն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հյուրերի խնդրանքով փոխնախարար Օրբելյանը պատմական փոքրիկ ակնարկի միջոցով նախ ներկայացրել է անկախության առաջին տարիների հայաստանյան իրականությունը, գոյություն ունեցող խնդիրները եւ դրանց լուծման համար կիրառված լուծումները: Փոխնախարարի փոխանցմամբ, հաջողվել է ստեղծել հասարակական կազմակերպությունների ձեւավորման եւ գրանցման համար օրենսդրական դաշտ, որը հետագայում իրականացված բարեփոխումների արդյունքում ավելի պարզեցվել է եւ հստակեցվել:

Բարեփոխումներն այսօր էլ շարունակվում են: «Որեւէ ոլորտում բարեփոխումները երբեւէ չեն ավարտվում»,- ասել է Օրբելյանը հիմնավորելով, որ քանի որ զարգանում է հասարակությունը, ավելանում են պահանջները, ծագում են նոր խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ են նոր փոփոխություններ:

2011թ-ից Հայաստանում մեկնարկել է բարեփոխումների հերթական փուլը, իր խոսքում նշել է Արամ Օրբելյանը, ապա մանրամասն ներկայացրել է իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու գործնական քայլերը, մասնավորեցնելով, որ հասարակական կազմակերպությունների հետ մի շարք քննարկումներ են անցկացվել, արդյունքում հենց նրանց մասնակցությամբ մշակվել է ոչ առեւտրային կազմակերպությունների ոլորտին վերաբերող բարեփոխումների հայեցակարգ:

Հյուրերի խնդրանքով ՀՀ արդարադատության փոխնախարարը ներկայացրել է, թե ինչ դերակատարություն ունեն ոչ առեւտրային կազմակերպությունները Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, ինչպես նաեւ, թե ինչ կառույցներ են իրականացնում միջազգային կոնվենցիաներով սահմանված՝ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:

Հանդիպման ավարտին Աֆղանստանից ժամանած աշխատանքային խմբի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել օգտակար եւ բովանդակալից զրույցի համար: