Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր` ապրիլի 4-ին, ընդունել է տարբեր երկրների առեւտրաարդյունաբերական պալատներին կից արբիտրաժային դատարանների նախագահներին ու արբիտրներին, որոնք Հայաստան են ժամանել արբիտրաժի միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շարմազանովը կարեւորել է տարբեր երկրների արբիտրաժային դատարանների փորձի փոխանակումն ու համագործակցված աշխատանքը: Նա նկատել է, որ թեեւ հինգ տարի է, որ Հայաստանում գործում է արբիտրաժային դատարանի ինստիտուտը, բայց միջազգային փորձը հաշվի առնելով այժմ լուրջ հիմքեր են ստեղծված այս կառույցի հետագա զարգացման ու ակտիվ գործունեության համար: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի այս գործում ներդրած ջանքերը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի խորհրդարանն այս ոլորտի օրենսդրական կարգավորման ուղղությամբ ջանք չի խնայել ու այսուհետեւ էլ պատրաստակամ է համապատասխան օրենքներում կատարել անհրաժեշտ լրամշակումներ արբիտրաժային դատարանների ինքնուրույն ու անկախ զարգացման նպատակով:
Պատվիրակության անդամները բարձր են գնահատել Երեւանում կազմակերպված կոնֆերանսի արդյունքներն ու Հայաստանի իշխանությունների, մասնավորապես օրենսդիր մարմնի ջանքերը արբիտրաժային դատարանների կայացման գործում: Նրանց գնահատմամբ` կոնֆերանսում կարեւորվել է այս կառույցի անկախ գործունեությունը, դրա համար անհրաժեշտ իրավական նորմերի ամրագրումը համապատասխան օրենքներում, ինչը խթան կարող է լինել գործարարության ու ներդրումային քաղաքականության զարգացման համար եւ ոլորտում առկա վեճերի օբյեկտիվ լուծման հիմք դառնալ:
Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք անելու այնպես, որ արբիտրաժային եւ պետական դատարանների միջեւ հարաբերությունները լինեն միջազգայնորեն ընդունված անհրաժեշտ մակարդակի վրա եւ չլինեն անհարկի միջամտություններ արբիտրների կայացված որոշումների վրա: Ինչ վերաբերում է հարցի օրենսդրական կարգավորմանը, մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր խորհրդարանը, ԱԺ փոխնախագահի կարծիքով, անպայման կանդրադառնա այդ հարցին եւ կտա անհրաժեշտ լուծումներ:




























