Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, այսօր` ապրիլի 4-ին, ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին:
Կլոր սեղանի շուրջ քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցում նշված Հայատանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները: Ի լրումն, Պաշտպանը ներկայացրել է նաեւ 2012-2017 թթ. Մարդու իրավունքների պաշտպանի ռազմավարությունը, որին հետեւել է հարց ու պատասխանի մասը:
Ռազմավարությունը մշակվել է միջազգային զեկույցներում արտացոլված, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, առանձին անհատների, միջազգային հանրության կողմից բարձրացված, ինչպես նաեւ Պաշտպանի տարեկան զեկույցում ներառված կարեւորագույն խնդիրների հիման վրա։ Փաստաթղթի հիմքում ընկած են այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց Պաշտպանի գրասենյակն անդրադառնալու է առաջիկա 5 տարիների ընթացքում։




























