Վերջին օրերին հայաստանյան քաղաքական դաշտը տառապում է ցուցակացավով, ստուգում ու ստուգում են Հայաստանի 2 մլն 844 հազար ընտրողների ցուցակները` պարզելու, թե ովքեր են Հայաստանով, ով` ոչ, ով է կենդանի, եւ ով է վաղուց մահացել:

Շատերն էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում զետեղված ընտրողների ռեգիստրում որոնում են իրենց, իրենց մտերիմների ու ծանոթների անունները:

Մենք էլ փորձեցինք պարզել, թե համամասնական ընտրացուցակների առաջին համարները քանի անվանակից ունեն Հայաստանի ընտրողների ցանկում:

Առաջատարը, անխոս, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է: Ընտրողների ռեգիստրում գրանցված է 413 Արամ Սարգսյան: Երկրորդ տեղում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է, ով ունի 328 անվանակից Հայաստանի ընտրողների ցանկում:

3-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Հայ հեղափոխական դաշնակցության ընտրացուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը` իր 144 անվանակիցների շնորհիվ:

Չորրորդը «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն է: Ընտրողների ցուցակներում գրանցված է 67 Ռուբեն Ավագյան:

Հայկոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանն ունի 23 անվանակից:

«Հետնապահների» քառյակը սկսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ունի 6 անվանակից: Նրան ընդամենը երկու անվանակցով զիջում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ցուցակի նախավերջին տեղում Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է, ով ընդամենը մեկ անվանակից ունի (ճիշտ է` ընտրողների ցուցակներում եւս 48 Սերժիկ Սարգսյան կա, սակայն մենք ընտրել ենք միայն «Սերժ Սարգսյան» տարբերակը):

Եւ վերջապես, ցուցակը եզրափակում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ընտրողների ցուցակներում հաշվառված միակ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: