Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, մարտի 29-ին երիկամների փոխպատվաստման վիրահատությունը դադարեցվել է` սկսվելուց 45 րոպե անց: Պարզվել է, որ դոնորը երիկամների հետ կապված լուրջ խնդիր ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Նրա խոսքով` երբ վիրահատությունը սկսել են, բացել են եւ տեսել են, որ երիկամի վրա փոքր կիստաներ են հայտնաբերվել: Թեեւ, Արա Բաբլոյանի խոսքով, դոնորը մի քանի կենտրոններում հետազոտվել է եւ որեւէ բան ի հայտ չի եկել, երիկամի ֆունկցիաները եղել են նորմալ:

«Բժշկության մեջ շատ է պատահում, որ հետազոտությունն ամեն ինչ ցույց չի տալիս եւ խնդիրներն ի հայտ են գալիս վիրահատության ժամանակ: Հետազոտությունները ցույց չեն տվել շատ նուրբ փոփոխություններ, վիրահատության ժամանակ երբ հայտնաբերեցինք փոքրիկ կիստաներ, դա գնահատեցինք որպես բնածին երեւույթ ու գտանք, որ թե դոնորի, թե ռեցեպտիենտի համար ճիշտ չէ, որ այս երիկամը վերցնենք: Դա կլիներ սխալ եւ անբարոյական, եթե բժիշկները վերցնեին երիկմաները եւ տեղադրեին, իսկ 25 տարի հետո ի հայտ գար, որ բարդություններ են առաջացել»,- նշեց Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով` դոնորը` որպես բնածին խնդիր ունեցող, մշտապես կլինի իրենց հսկողության ներքո, որպեսզի կարողանան գնահատել նրա երիկամային ֆունկցիաները, որը այժմ նրան չի անհանգստացնում եւ հնարավոր է `50-60 տարի հետո ինչ-որ խնդիրներ ի հայտ գա: Այժմ դոնորը լավ է եւ դուրս է գրվել հիվանդանոցից: Տարածված տեղեկություններին, թե հիվանդը պատրաստվում է բողոքել, նա նշեց, որ դոնորի հետ հանդիպել է, նրան ամեն ինչ բացատրվել է եւ որեւէ նման հարց իր հետ զրույցում չի քննարկվել: Այժմ ռեցեպտիենտը ստիպված է գտնել այլ դոնոր:

Արա Բաբլոյանին բարկացրել էր այն, որ «լրատվամիջոցները այս առիթով աղմուկ էին բարձրացրել, փորձել էին սենսացիա սարքել», եւ նրա կարծիքով, ոչ թե արտառոց դեպք է եղել, այլ մարդու կյանք է փրկվել:

Նշենք, որ լրատվամիջոցներւմ տեղեկություններ էին տարածվել, որ արտառոց դեպք է գրանցվել Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Բժիշկները մի հիվանդի երիկամների փոխպատվաստում պետք է անեին, սակայն վիրահատությունը տեւել է ընդամենը 45 րոպե եւ անսպասելի ավարտ ունեցել, որովհետեւ պարզվել է, որ դոնորը եւս երիկամների հետ կապված լուրջ խնդիր ունի: Ըստ այդ տեղեկությունների` հիվանդի հարազատները վրդովված են, վերջիններս անգամ խոստացել են բոլոր ատյաններում բողոքել, քանի որ նախքան վիրահատությունը բժիշկներն իրենց հավաստիացրել են, որ դոնորն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ պատրաստ է փոխպատվաստման: