2011թ-ի օգոստոսի 1-ին Ջերմուկում լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության դիմած 33-ամյա Լարիսա Ավջոյանի ինքնասպանության գործով նոր քրեական գործ է հարուցվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ սույն գործով քննիչ Կարեն Կարապետյանը, բայց քանի, որ նախաքննությունը դեռ ավարտված չէ, զերծ մնաց այլ տեղեկություններ հաղորդելուց: Սակայն մեզ հաջողվեց ուշագրավ մանրամասներ ձեռք բերել այս դժբախտ սիրային պատմության մասին:
Հիշեցենք, որ 2011թ-ի օգոստոսի 1-ին Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 33-ամյա Լարիսա Ավջոյանը լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել: Նրան տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ մահացել է: Օգոստոսի 5-ին ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Սակայն օրերս սույն գործով 30-ամյա Արմեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով` նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:
NEWS.am-ի տեղեկություններով վերջիններս 2011թ-ից սիրային հարաբերությունների մեջ են եղել, ինչի արդյունքում Լարիսան հղիացել է: Արմենը հրաժարվել է ամուսնանալ Լարիսայի հետ եւ պահանջել, որ նա ազատվի երեխայից, ինչը սակայն ինքնասպանության դրդապատճառներից մեկն է եղել: Երկրորդ պատճառն այն է, որ Լարիսան Արմենի առաջարկով եւ դրդմամբ կեղծ գործարքի է գնացել բանկերից մեկի հետ: Հետո Արմենը գումարը հրաժարվել է տալ եւ Լարիսան հայտնվելով անելանելի վիճակում, ինքնասպանության է դիմել: Հարկ է նաեւ նկատել, որ երկուսն էլ Ջերմուկ քաղաքից են եւ նույն դպրոցում են սովորել: Նրանց տարիքային տարբերությունը 3 տարի է: Լարիսան որոշ ժամանակ Ռուսաստանում է ապրել : Վերադառնալով Հայաստան, նրանց շփումը վերսկսել է եւ վերածվել սիրային կապի: Երկու կողմերն էլ ֆինանսապես ապահովված են եղել եւ ամուսնությանը խոչընդոտող ֆինանսական հանգամանքներ չեն եղել:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























