Վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ դարձած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամարա Պողոսյանը, ով կուսակցության համամասնական ցուցակի 16-րդ տեղում է, իր աշխատանքը պատկերացնում է օրենսդիր մարմնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թամարա Պողոսյանը` հավելելով, որ գործադիր մարմնում բավականին երկար ճանապարհ է անցել եւ այժմ լուրջ բազա կա` այդ աշխատանքն օրենսդիր մարմնում ներդնելու համար: «Կարծում եմ, որ սա տրամաբանական անցում կլինի, որովհետեւ գործադիրում, հասարակական սեկտորում աշխատանքի տարիները հարուստ նյութ են տվել, որպեսզի  օրենսդրական նախաձեռնությունների դաշտում ես կարողանամ կառուցողական լուրջ բաներ առաջարկել»,- նշեց նա:

Թամարա Պողոսյանը վստահեցրեց, որ ԲՀԿ անդամ է դարձել ոչ թե պատգամավոր դառնալու համար, այլ ելնելով գաղափարախոսությունից. «Մինչեւ 2003-2004թթ եղել եմ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ես ինքս ազատական գաղափարների դավանող անձ եմ, եւ չեմ փոխել իմ գաղափարախոսությունը, ես փոխել եմ ընդամենը իմ գործունեության դաշտը, այսինքն` ազատական գաղափարախոսությունը մնում է ինձ համար հիմնական դավանանք, բայց դա իմ իրավունքն է, թե որ դաշտում եմ իմ գաղափարների իրագործման համար գործունեություն ծավալում»,- նշեց նա` շեշտելով, որ չի կարեւորում` կմտնի խորհրդարան, թե` ոչ:

ԲՀԿ անդամն իր կուսակցության` ԱԺ մտնելու շանսերը գնահատում է ունեցած վարկանիշով եւ շեշտում, որ այն բավականին պարտավորեցնող է եւ լուրջ վստահության ռեսուրս է: «Չեմ թաքցնում լիդերի գործոնը, որը բավականին  մեծ է: Նա ուղղակի լավ հայ մարդու տեսակ է, երկրի, ժողովրդի ամբողջ մտահոգությունը կիսում է»,- ասաց նա` զերծ մնալով պոտենցիալ ձայների տոկոս նշել: 

Ինչ վերաբերում է կուսակցությունում նրա ունեցած դերին, մասնավորապես, թե ինչ մշակութային խորհուրդներ է տալիս Գագիկ Ծառուկյանին, Թամարա Պողոսյանը շեշտեց, որ ինքն ավելին է, քան Գագիկ Ծառուկյանի մշակույթի գծով խորհրդական լինելը, մասնավորապես` զբաղվում է քաղաքական, կազմակերպչական հարցերով եւ լուրջ դերակատարում ունի կուսակցությունում:

Հարցին, թե օրենսդիր մարմնում աշխատելիս շփումը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ անխուսափելի կլինի, ինչպե՞ս է պատկերացնում դա, եթե նախկինում նրանք մի շարք կոնֆլիկտներ են ունեցել, նա պատասխանեց. «Ես ընդհանրապես հարգում եմ Հրանուշ Հակոբյանին, ինքը պետական, քաղաքական լուրջ գործիչ է, ես չեմ ուզում անձնավորել, չի բացառվում, որ երկու պետական գործիչների մեջ լինեն աշխատանքային հակասություններ, կոնֆլիկտներ: Երկուսս էլ պետական կառույցում երկար աշխատած մարդիկ ենք, եւ եթե վաղը անհրաժեշտություն լինի, որ պետք է համագործակցենք, իհարկե, պետք է համագործակցենք»,- նշեց նա:

Թամարա Պողոսյանի խոսքով` հանիրավի մեղադրանքները, որոնք իր հասցեին հնչեցվեցին, հերքվեցին Վերահսկիչ պալատի հայտարարությունից հետո: «Այսօր ես կարող եմ ասել, որ Սփյուռքի նախարարություն-հիմնադրամ-Հոգաբարձուների խորհուրդ հարաբերությունների մեջ եղել են որոշակի խութեր, եւ դա արձանագրվեց: Իշխան Զաքարյանը մեկ անգամ եւս պարզաբանում մտցրեց, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում չեն եղել յուրացումներ, չարաշահումներ, եղել են որոշակի խախտումներ, որոնք պայմանավորված են եղել Սփյուռքի նախարարության-հիմնադրամի-Հոգաբարձուների խորհուրդ հարաբերություններով, այսինքն` դա դրանց հետեւանքն է, բայց այդ խախտումները որեւիցե իրավական հետեւանք չեն առաջացրել»,- նշեց նա:

Նշենք, որ Թամար Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու մեջ, այնուհետեւ` հայտարարել էր աշխատանքից ազատվելու իր ցանկության մասին։ Թամար Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր են հնչել նաեւ Սփյուռքի նախարարությունից: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը դատի է տվել Թամար Պողոսյանին` իր պատիվը, արժանապատվությունը վիրավորելու եւ զրպարտելու համար: ԲՀԿ անդամ դառնալուց հետո նա  նշանակվել էր  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մշակութային հարցերով խորհրդական: