Եթե Հայաստանի նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին նախագահ դառնալու համար չբավարեր մեկ ձայն, ապա ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) իր ձայնը կտար նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Ռուբեն Գեւորգյանը:
«ԲՀԿ-ն, չունենալով սեփական թեկնածու, եթե Սերժ Սարգսյանին նախագահ դառնալու համար չբավարեր մեկ ձայն, ապա ես իմ ձայնը կտայի նրան, քանի որ նա հայրենասիրական դաշտի մարդ է: Ես ինքս էլ գտնվում եմ այդ դաշտում, եւ շատ անգամ էլ Արցախում կռվել եմ իր հրամանատարության ներքո: Բայց քանի որ այդ ձայնի կարիքը նա այսօր չունի, բնականաբար, ես ուղղորդվում եմ իմ կուսակցության դիրքորոշմամբ եւ չեմ մասնակցելու ընտրությանը»,- նշեց նա:
Ի դեպ, Ռուբեն Գեւորգյանը հերքեց մեզ հասած տեղեկությունները, թե պատրաստվում է մանդատը վայր դնել: Նա նշեց, որ դա սուտ է, գուցե չար լեզուների գործն է, բայց ինքն ԱԺ-ում դեռ շատ անելիքներ ունի: «Ես չեմ պատրաստվում մեր այս լարված քաղաքական պրոցեսներում այդ դաշտը իմ մասով ԱԺ-ում դատարկ թողնել: Ես իմ կուսակցության մեջ վայելում եմ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ քաղաքական թիմի հարգանքը, այնպես որ նման պատճառ առաջացնող խնդիրներ անգամ գոյություն չունեն»,- նշեց նա:




























