Երեւանյան երթուղայինները ձյանը դիմանում են, բայց կարող են չդիմանալ մերկասառույցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ միկրոավտոբուսների եւ ավտոբուսների մասնավոր հավաքակազմերի

Սեփականատերերը կարող են գիծ դուրս չգալ, եթե ձյուն չգա՝ ի նշան ցածր ուղեվարձի դեմ բողոքի: Պատճառը, ըստ նրա, ձմեռային երթեւեկությանը պատրաստվելու համար միջոցների անբավարարությունն է՝ անվադողեր եւ այլն: Ձյունն արդեն եկել է, բայց, Եղիազարյանի խոսքով, փոխադրողներն առայժմ դիմանում են:

Ըստ նրանց գնահատման՝ ավտոբուսի եւ երթուղայինի համար ձմեռային ռեժիմի անցումը կարող է արժենալ 400-600 հազար դրամ, իսկ այդքան գումար նրանք չունեն:

«Մենք այժմ էլ ենք ամառային անվադողերով վարում:  Նախատեսված չէ, բայց ինչ արած, եթե փող չկա: Եթե մերկասառույց լինի, այլ հարց է, այն ժամանակ մենք ընդհանրապես երթուղի դուրս չենք գա, որպեսզի ոչ ոքի վրաերթի չենթարկենք եւ ինքներս  վթարի չենթարկվենք: Իսկ մինչ այդ դիմանում ենք», - հայտարարել է Եղիազարյանը:

Նա հաստատել է, որ անցյալ շաբաթ իրենց հետ հանդիպել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ կոչ արել չդադարեցնել ուղեւորափոխադրումները, քանի դեռ վերջնականապես չի սահմանվել  ուղեվարձի չափը:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ սակագինն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը, ըստ փոխքաղաքապետ եւ հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանի,  կարող է տեղի ունենալ մինչեւ տարեվերջ: Եղիազարյանը հավելել է, որ գծատերերը նույնն են խոստացել:

Հիշեցնենք, որ այժմ ավտոբուսի եւ երթուղայինների ուղեւորափոխադրումների սակագինը 100 դրամ է: Ուղեւորափոխադրողները հայտարարում են, որ սակագինը պետք է կրկնապատկել: Դրա հետ համաձայն չեն մի շարք հասարակական կազմակերպություններ: