Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներին պետք է դատել միջազգային նորմերին համապատասխան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:

«Աշխարհին պետք է մեկ անգամ էլ ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավական երկիր է եւ ոչ թե վայրի, ինչպիսին որ Ադրբեջանն է»,- ասաց Կոմանդոսը:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին սկսված դատավարությունը մոտենում է ավարտին, դեկտեմբերի 12-ին ճառերով հանդես կգան մեղադրական եւ պաշտպանական կողմերը: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ կհրապարակվի դիվերսանտների դատավճիռը:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։