Դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մարմինը դուրս բերեցին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ քիչ առաջ ավարտվեց հուղարկավորության կարգը: (ֆոտոռեպորտաժ)
Թաղման թափորն այժմ ուղեւորվում է Շիրակի գերեզմանատուն, որտեղ փոքրիկին հողին կհնաձնեն հարազատների՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին:
Ի դեպ, այսօր՝ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների մահվան յոթնօրեքն է:
Եկեղեցու ներսում եւ բակում այնքան շատ մարդ է հավաքվել, որ նրանց մեծ մասը հուղարկավորության կարգին հետեւել է դրսում կանգնած: Սերյոժա Ավետիսյանին հրաժեշտ տալու համար Գյումրի են մեկնել բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանի տարբեր շրջաններից:
Երեւանից մեծ թվով պատգամավորներ են մեկնել Գյումրի, նրանցից շատերը չկարողանալով զսպել հուզմունքը, արարողությանը հետեւում էին արտասվելով:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























